Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերն ավարտել է իր առաքելությունը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ:
TURAN-ը, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին, հաղորդում է, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Լորա Հոչլան։
"Հունիսի 21-ին Հոչլան մեկնել է Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի համար կայուն եւ հաստատուն խաղաղության հաստատման հարցերով ԵՄ-ի եւ Ֆրանսիայի իր գործընկերների հետ, իսկ հունիսի 27 - ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Մինսկի խմբի համանախագահի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ", - նշել է նույն աղբյուրը:
Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն Twitter-ում հաղորդել էր, որ ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահըզրուցել է գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու նպատակով: «Ցավոք, ռուս համանախագահը չինդունեց հրավերը։ Մենք հույս ունենք շարունակել Մինսկի խմբի աշխատանքը», - ասվում է հաղորդագրությունում։
Լորա Հոչլան զբաղեցնում Է Պետդեպարտամենտի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների վարչության տնօրենի պաշտոնը: Ավելի վաղ նա զբաղեցնում էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով տնօրենի պաշտոնը: Նա կարիերային դիվանագետ է, նախկինում զբաղեցրել է Մադրիդում ԱՄՆ դեսպանատան տնտեսական խորհրդականի տեղակալի (2017-2020 թթ.), Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ներքին քաղաքականության բաժնի պետի (2014-2017 թթ.) պաշտոնները:
Այս տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար ԱրմԻնֆո-ն հարցում է ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: