
Արցախի Հանրապետության
նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն` հունվարի
31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած
միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Արցախի
Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային
անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանության պետ Կամո
Աղաջանյանը:
Իր խոսքում նախագահ
Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ
կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր
հասարակության տարբեր հատվածներում: Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու
համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին` ոստիկանությունը
հասարակական կարգը պահպանելու եւ հնարավոր բացասական զարգացումները կանխելու
նպատակով ստիպված էր իրականացնել
համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք,
ունեցավ ոչ ցանկալի հետեւանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել
անկարգություններից եւ բախումներից, ինչն
ստացավ հանրային հնչեղություն:
Այս համատեքստում երկրի
ղեկավարը հանձնարարել է ոստիկանապետին` անցկացնել մանրակրկիտ ծառայողական
քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եւ արդյունքների մասին զեկուցել
հանրապետության նախագահին անհրաժեշտ եզրահանգումների համար:
Խորհրդակցությանը
մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը,
պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում Բերձորի մոտ դաժանաբար ծեծի են ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից: Այդպիսով Ղարաբաղի ոստիկանները փորձել են խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն Արցախում: Շարժման մասնակիցների պատմելով, ոստիկանները, որոնցից շատերը քաղաքացիական հագուստով էին, իրենց դուրս են քաշել մեքենաներից և մահակներով ծեծել: Ակտիվիստներից շատերին տարել են Ստեփանակերտի հիվանդանոց: