Արմինֆո. Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Facebook-ի իր էջում:
«Ճանապարհը բաց է։ Հիշեցնեմ, որ Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը», - գրել է ՏԿԵՆ մամուլի քարտուղարը։
Հունիսի 27 - ի դրությամբ Վրաստանում Ռուսաստանի Դաշնության տարածք մուտքի էր սպասում մոտ 300 հայկական բեռնատար, հակառակ ուղղությամբ՝ մոտ 500: