Արմինֆո.Բաքուն կփորձի Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել երկկողմ և, նույնիսկ, եռակողմ ձևաչափով՝ Մոսկվայի կամ Բրյուսելի մասնակցությամբ, բայց միայն՝ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։
"Հարկ է նշել, որ Ադրբեջանը, որպես վերջին պատերազմում հաղթող կողմ, հետևողականորեն մերժում է միջազգային միջնորդների բոլոր առաջարկները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Վերջինս, փաստորեն, գործունակ չէ այսօր, և ես լրջորեն կասկածում եմ, որ վաղը նման գործունակություն կառաջանա", - կարծում է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ Բաքվի նման կեցվածքը մի շարք պատճառներ ունի։ Մասնավորապես, նա առանձնացրել է ներկայիս աշխարհաքաղաքական ճոճանակի վրա խաղալու ադրբեջանական ղեկավարության ձգտումը, փորձելով հնարավորինս շատ արտոնություններ կորզել Եվրամիությունից, մի կողմից, եւ՝ Ռուսաստանից, մյուս կողմից:
Այս լույսի ներքո, Եվսեեւը հիշեցրել է, թե ինչպես 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Բաքուն, իր շահերից ելնելով, պաշտպանեց Մոսկվայի միջնորդությունը' մերժելով ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը: Սակայն, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումից հետո Ալիևը փոխեց ջութակը և այսօր դեմ է ռուսական ռազմական ներկայությանը՝ խաղալով արդեն Արևմուտքի հետ նույն ալիքի վրա ՝ ի դեմս ԵՄ-ի։
"Այսպես թե այնպես, բայց Արևմուտքը՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, մտադիր չէ ՄԽ-ի վրա վերջնական խաչ քաշել։ Մինչդեռ, Մոսկվան ձգտում է շարունակել գործել զուգահեռաբար՝ ինչպես ինքնուրույն, այնպես էլ ՄԽ շրջանակներում: Մոսկվան մտադիր է շարունակել սեփական գիծը Երեւանի եւ Բաքվի հետ երեք եռակողմ համաձայնագրերի շրջանակներում: Ինչի մասին խոսում է, օրինակ, օրերս այդ փաստաթղթերի շրջանակներում տեղի ունեցած ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը", - ամփոփել է Եվսեևը։