Արմինֆո. Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է.
«Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:
Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը», - ասվում է մամուլի քարտուղարի հայտարարությունում։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսում թերահավատություն էին հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եռյակի հետագա գործունեության վերաբերյալ, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ: Կողմերը նշել են, որ կարգավորման բոլոր հարցերն այժմ հիմնվում են ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների վրա: ՌԴ ԱԳ նախարարը նաեւ մեղադրել է Վաշինգտոնին եւ Փարիզին այն բանի համար, որ փետրվարի 24-ից նրանք դադարել են շփման մեջ մտնել Մոսկվայի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: