Արմինֆո. Չնայած Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիային՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ չեղարկել է Ադրբեջանին ամերիկյան օգնության 907 ուղղմամբ նախատեսված սահմանափակումները՝ դրանով իսկ ճանապարհ հարթելով Ալիևի կոռումպացված հակահայ ռեժիմին աջակցելու համար։ Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարությունում։
"Ադրբեջանին ռազմական օգնության համար կանաչ լույս տալու նախագահ Բայդենի որոշումը, չեղյալ հայտարարելով 907-րդ հոդվածը, կրկին նախագահ Ալիեւին խրախուսում է շարունակել հայ ռազմագերիների ապօրինի բանտարկությունը, Արցախի վրա մահաբեր հարձակումները եւ շարունակել Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան", - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ ANCA-ն կշարունակի աշխատել Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարների հետ, որպեսզի զրոյացնի Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունը եւ սահմանափակի նախագահի լիազորությունները 907-ից հրաժարվելու հարցում:
Կազմակերպությունում հիշեցրել են, որ 2020 թվականի հոկտեմբերի 14-ի նախընտրական արշավի ընթացքում Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է "ամբողջությամբ կատարի եւ չհրաժարվի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի պահանջներից, որպեսզի կանգնեցնի ռազմական տեխնիկայի հոսքը Ադրբեջան": Որպես նախագահ ՝ նա առաջին անգամ այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը փոխել է 2021 թվականի ապրիլի 23 - ին՝ Հայոց ցեղասպանության պատշաճ ճանաչման մասին իր պատմական հայտարարության նախօրեին։
Հիշեցնենք, որ 907-րդ ուղղումն ընդունվել Է Կոնգրեսի կողմից 1992 թվականին եւ արգելել Է ամերիկյան վարչակազմի կողմից կառավարական գծով Բաքվին օգնության ցուցաբերումը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կապակցությամբ: Սակայն, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Կոնգրեսն օրենք ընդունեց արտասահմանյան գործողություններին հատկացումների մասին ՝ նախագահին վերապահելով 907-րդ ուղղումից հրաժարվելու իրավունք։ Դա անհրաժեշտ էր ԱՄՆ-ին, երբ պետք էր մատակարարել Աֆղանստանում ամերիկյան զորքերին։ Բուշի եւ Օբամայի վարչակազմերը շարունակում էին հրաժարվել այդ արգելքի իրագործումից։ Երկար տարիներ ադրբեջանական դիվանագիտությունն ապարդյուն փորձում էր հասնել դրա չեղարկմանը, սակայն իրավիճակը փոխվել է 2018 թվականին՝ Թրամփի վարչակազմի գալով, որը կասեցրել է ուղղման գործողությունը։