Արմինֆո. 2020 թվականի աշնանը Մոսկվան լրջորեն սխալվել է Թուրքիայի եւ անձամբ Էրդողանի հնարավորությունների իր գնահատականներում։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը։
"44-օրյա պատերազմի սցենարն ի սկզբանե մշակվել և հաշվարկվել էր Ա-ից մինչև Ֆ: Հենց այդ պայմանով էլ Մոսկվան փաստացի համաձայնություն է տվել Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային: Սցենար, որի շրջանակում ադրբեջանական բանակը գրավելու էր այն տարածքները, որոնք նա գրավել է։ Գրավում էր եւ կանգնում", - ընդգծել է նա։
Պրոֆեսորի գնահատմամբ՝ ամեն ինչ, իրականում, ընթացել է այդ սցենարով։ Քանի դեռ ռուսական խաղին չէր միջամտել Էրդողանը։ Ինչից հետո իրավիճակը, հատկապես պատերազմի ավարտին, սկսեց փոխվել։ Եվ մարտական գործողությունների թատերաբեմի՝ "պլանի" շրջանակներից դուրս գալուց խուսափելու նպատակով Մոսկվան ստիպված էր դիմել համոզելու բավական արմատական եղանակների։ Ինչի արդյունքում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում խոցվեց ռուսական ռազմական ուղղաթիռ։
Այսօր, պրոֆեսորի կարծիքով, Մոսկվայում գիտակցել են երկամյա վաղեմության սեփական սխալ հաշվարկները և փորձում են ինչ-որ կերպ շտկել դրանց արդյունքում առաջացած իրավիճակը։ Ինչը, նրա կարծիքով, բավականին դժվար գործ է։ Հովհաննիսյանն ընդգծել է, որ Մոսկվայի հիմնական սխալն այն պատկերացումն էր, որ Էրդողանն այդ ամենում, ի սկզբանե, անելիք չուներ: Սակայն, արդեն պատերազմի ավարտին պարզ դարձավ, որ դա, մեղմ ասած, բնավ այդպես չէ։
"Արցախյան ուղղությամբ ՌԴ-ի ներկայիս խնդիրները խորանում են այլ ուղղություններում Էրդողանի հետ հաշվի նստելու անհրաժեշտությամբ՝ որպես իրավիճակային, բայց դաշնակից։ Եվ ռազմավարական շահերի անվերապահ հակասությունները մեծ քաղաքականության մեջ բնավ չեն խանգարում Մոսկվային ու Անկարային համագործակցել մարտավարական, իրավիճակային առումով՝ ընդհանուր շահի հասնելու նպատակով, որը, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը յուրովի է հասկանում։ Այստեղից էլ առաջանում է Մեծ Մերձավոր արևելքի տարբեր կետերում այս կամ այն հարցի շուրջ մարտավարական համաձայնությունների անհրաժեշտություն", - ամփոփել է Հովհաննիսյանը։