Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագա գործունեության հեռանկար, գործնականում, չունի։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ՌԳԱ Ե.Մ. Պրիմակովի անվան ՀՏՄՀԻ գլխավոր գիտաշխատող Ալեքսեյ Մալաշենկոն:
"ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ Քերըն Դոնֆրիդի և Մարիա Զախարովայի հայտարարությունները ես գնահատում եմ հենց այս լույսի ներքո։ Դա, պարզապես, լարված դիվանագիտական խոսքակռիվ է՝ ներկայիս բավականին լարված աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում։ Այս փուլում որեւէ այլ բան ակնկալելու հրակ չկա", - ընդգծել է նա։
Հունիսի 22 - ին Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հայտարարել է, որ չնայած ՌԴ-ի հետ հարաբերությունների խզմանը, ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի շուրջ հակամարտության կարգավորման հասնելու նպատակով:
Ի պատասխան՝ հունիսի 23-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան "իրեն թույլ տվեց կասկածել այդ հայտարարության անկեղծությանը", նշելով, որ եթե Վաշինգտոնն ու Փարիզը իսկապես կարեւոր համարեին Մինսկի խմբի եզակի միջնորդական ձեւաչափը, ապա իրենց թույլ չէին տա արհամարհել բոլոր մասնակից պետությունների հավանության արժանացած մանդատը:
Այս լույսի ներքո՝ Մալաշենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ վերջին բոլոր խոսակցությունները դիտարկում է որպես արհեստական քաղաքական օրակարգ։ Ընդ որում, ինչպես Վաշինգտոնի, Փարիզի կամ Բրյուսելի, այնպես էլ Մոսկվայի համար։ Որի շրջանակներում կողմերը, լավագույն դեպքում, փորձում են միմյանց որոշակի մեսիջներ հասցնել։ Իսկ վատթարագույն դեպքում՝ հարված հասցնել ընդդիմախոս պետության միջազգային հեղինակությանը։
"Իրականում, նրանց միջև այսօր խիստ մրցակցություն է ընթանում հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորման գործընթացի մոդերատորության համար։ Որի շրջանակներում Արևմուտքը փորձում է ղարաբաղյան վերմակն իր վրա քաշել։ Նման իրողություններում, ինձ թվում է, ոչ այստեղ, ոչ այնտեղ պատկերացում չունեն, թե ինչով կարող է զբաղվել Մինսկի խումբը։ Հասկանալի է նաև, որ այս ամենից տուժում է, ըստ էության, հենց կարգավորման գործընթացը։ Ինչի մասին է վկայում էական արդյունքների բացակայությունը։ Եվ այդ իրավիճակը հաղթահարելու համար, կարծում եմ, որ միջնորդներն, այնուամենայնիվ, պետք է հրաժարվեն առանց այդ էլ լարված մթնոլորտով տարածաշրջանում լարվածությունը սրելու ներկայիս քաղաքականությունից",- ամփոփել է արևելագետը ։