Արմինֆո. Ադրբեջանի եւ Հայաստանի առանձին սահմանամերձ շրջաններում պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի պլանային եւ կանոնավոր աշխատանքի անհրաժեշտությունն ու արդիականությունը: Այդ մասին հունիսի 22-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունիսի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ հայ զինծառայողի սպանությանն առնչվող միջադեպը։
"Ադրբեջանի և Հայաստանի առանձին սահմանամերձ շրջաններում պարբերաբար առաջացող միջադեպերը, խնդիրները հաստատում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի պլանային և կանոնավոր աշխատանքի արդիականությունը և անհրաժեշտությունը, այդ մասին մենք բազմիցս ասել ենք: Մենք պատրաստ ենք ամենամոտ ժամանակներս ընդունել հանձնաժողովի երկրորդ նիստը Մոսկվայում", - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հիշեցնելով, որ այդ մասին կողմերը պայմանավորվել են մայիսի 24-ին հանձնաժողովի առաջին նիստում։
Նա նաեւ ընդգծել է սահմանին կայունության եւ անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերի իրականացման կարեւորությունը, ինչպես դա արձանագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում արված հայտարարության մեջ:
Նշենք, որ մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում եւ համապատասխան կարգադրությունների հիման վրա հայ-ադրբեջանական միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի առաջին հանդիպումը' ՀՀ եւ ԱՀ միջեւ սահմանի սահմանազատման եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձեւաչափով: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի ՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել հանձնաժողովների շրջանակներում իրականացնել սահմանազատման եւ համապատասխան այլ հարցերի, այդ թվում ՝ սահմանային անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքներ: Քննարկվել են նաեւ հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական եւ ընթացակարգային հարցեր: Միջպետական սահմանին հանդիպումներին զուգահեռ, կողմերը համաձայնության են եկել հաջորդ հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության վերաբերյալ: Մասնավորապես, պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, և երրորդ հանդիպումը՝ Բրյուսելում։