Արմինֆո. Հայաստան են ժամանել Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի՝ բիզնես ղեկավարների համար նախատեսված ծրագրի մասնակիցները, որոնք կմասնակցեն «Մատենայի» կազմակերպած մասնագիտական դասընթացներին և գործնական այցերին։ Այդ մասին ասվում է «Մատենա» դպրոցի հաղորդագրությունում:
Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցը, ըստ «Financial Times»-ի, աշխարհի լավագույն 10 բիզնես դպրոցներից մեկն է բիզնես ղեկավարների կրթության բնագավառում:
Ծրագրի միջազգային մասնակիցներին ողջունել է «Մատենայի» համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը, այնուհետև կարճ դասախոսությամբ ներկայացրել է Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, ինչպես նաև առավելությունները ներդրումների և բիզնեսի համար:
Դասերի ընթացքում կուսումնասիրվեն ղեկավարման գործիքներն ու դրանց կիրառելիությունը, բիզնեսի մշակութային կողմնորոշման, գործարքների կնքման, առաջնորդության և հաղորդակցման ոճերի առանձնահատկությունները, լիազորությունների պատվիրակման ժամանակակից մեթոդները և այլն։ Այսպիսով, մասնակիցները կբացահայտեն ժամանակակից բիզնեսի, տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային հարուստ փորձը։ Լսարանային դասընթացներից բացի նախատեսված են նաև այցեր Հայաստանյան առաջատար IT և արտադրական ընկերություններ:
«Հայաստանի կրթական ոլորտի զարգացման համար, այսպիսով, մեկնարկել է բացառիկ իրադարձությունների շարք, որի ընթացքում Հայաստան կշարունակեն ժամանել աշխարհի լավագույն բիզնես դպրոցների մասնագետները՝ «Մատենայի» հետ իրականացնելով համատեղ ծրագրեր», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ին Հայաստանում բացվեց "Մատենա" առաջնորդների միջազգային դպրոցը: Ծրագրի շրջանակում գործարկվել է երկու միջազգային ծրագիր. առաջնորդություն փոփոխություններում. ղեկավարների համար մասնագիտական զարգացման ծրագիր և Հայաստանի համայնքների արդյունավետ կառավարում։ Ծրագրերը մշակվել են Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոցի հետ համատեղ։ Դրանք իրականացվում են Դիլիջանում, Երեւանում եւ Մոսկվայում ։ Նախաձեռնության հեղինակներն են UWC Dilijan միջազգային դպրոցի հիմնադիր եւ "Սկոլկովո" բիզնես դպրոցի գործընկեր- հիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Հայրապետյանը: