Արմինֆո. Տարիներ շարունակ մենք կարծել ենք, որ Եվրոպայում վերջապես վայելում ենք խաղաղ և հանգիստ ժամանակներ։ Մենք իսկապես հավատացել ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական փորձից հետո առնվազն մեր սերունդը պաշտպանված կլինի ցանկացած զինված հակամարտություններից, գլոբալ աղետներից եւ արհավիրքից: ԵԽԽՎ լիակազմ նիստում այդ մասին հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Այսօր բոլորը մտահոգված են, որ պատերազմը վերադարձել է Եվրոպա։ Խաղաղությունն ընդամենը պատրանք էր. նույնիսկ խաղաղ և անվտանգ թվացող ժամանակներում պատերազմը միշտ եղել է Եվրոպայում և նրա շուրջ, աղետները եղել են մեր մեջ, բայց մենք աչք ենք փակել դրաց վրա։ Ինչո՞ւ էինք մենք անտարբեր և խուլ՝ իմանալով, հետևելով և կարդալով Կիպրոսում, Բալկաններում, Մոլդովայում, Վրաստանում, Տաջիկստանում, Կոսովոյում, Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում և այլուր զինված հակամարտությունների մասին։
Բարդ հարց, բայց միանգամայն պարզ պատասխան։ Այդ ագրեսիաները, պատերազմները, զինված հակամարտություններն ու քաղաքացիական պատերազմները պակաս նկատելի էին, քանզի մեզանից շատերի կարծիքով մեզանից շատ հեռու էին տեղի ունենում։ Մենք ուզում էինք հավատալ, որ այդ պատերազմները միայն հեռուստացույցով են ընթանում։ Պարզապես թերթելով հեռուստատեսային ալիքը, մարդիկ կարող էին անտեսել իրականությունը: Միջազգային քաղաքականության արդի վիճակը և վերջին իրադարձությունները մեզ ստիպում են հասկանալ, որ ոչ մի պետություն պաշտպանված չէ պատերազմից, նույնիսկ ամենահարուստ և պաշտպանված պետությունները։ Ինչը նշանակում է, որ մենք պետք է շատ զգայուն լինենք անգամ ժողովրդավարությունից, մարդու հիմնական իրավունքներից և օրենքի գերակայությունից փոքր-ինչ շեղվելու նկատմամբ, որոնք խարխլում են խաղաղության և կայունության հիմքերը և պարարտ հող են ստեղծում պատերազմի համար։
Շատ հաճախ, երբ ես անդրադառնում եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերին, տեսնում եմ իմ որոշ գործընկերների լուռ ու անտարբեր դեմքերը, ովքեր խոստովանում են, որ հոգնել են այդ քննարկումներից։ Բայց մենք չենք բարձրաձայնում լոկ մեկ հակամարտության հետ կաված խնդիրներ, մենք անհանգստացած ենք մեր կազմակերպության հիմնարար արժեքների խախտումներով, ինչպիսիք են օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքը, ժողովրդավարության խթանումը եւ մարդկային արժանապատվության պահպանումը:
Հարգելի՛ գործընկերներ, մի՛ անհանգստացեք, այս ելույթում ես չեմ անդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Պարզապես հիշե՛ք, որ մեր հիմնարար սկզբունքների նկատմամբ կոնկրետ խախտումների նկատմամբ կուրությունը հանգեցնում է գլոբալ աղետների:
Տիկնայք եւ պարոնայք, այս հարթակը ոչ միայն զրույցի վայր է, այլեւ՝ լսումների: Մի՛ եղեք կույր,
Մի՛ եղեք լուռ, Եվ, խնդրում ենք, մի՛ եղեք խուլ, երբ մենք խոսում ենք մեր կազմակերպության հիմնական արժեքների մասին», - հայտարարել է ԱԺ պատգամավորը: