


Չկիսելով ՙՀիմնադիր խորհրդարանի՚ մոտեցումները`Հանրապետական կուսակցությունը, այնուամենայնիվ, դատապարտում է վերջինիս անդամների նկատմամբ բռնությունը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, ցանկացած բռնություն, ցանկացած մարդու հանդեպ անընդունելի է, և ՀՀԿ-ն դատապարտում է նման միջադեպերը: ՙԸնդհանրապես ՙՀիմնադիր խոհրդարանի՚ ՙ100-ամյակն առանց ռեժիմի՚ դրույթն անհայրենասիրական է: Ներքաղաքակա խնդիրները բոլոր հայերի համար սուրբ տարելիցի`Ցեղասպանության 100-ամյակի հետ խառնելն անընդունելի է, թեկուզ այն պատճառով, որ դա հասարակայնության ուշադրությունը շեղում է Ցեղասպանության տարելիցից: Ի դեպ, հենց դրան էլ ձգտում են թուրքերը: Բացի այդ, անհասկանալի է, թե ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամները ինչու՞ են որոշել Հայաստանի կառավարող ռեժիմի դեմ իրենց պայքարը ծավալել Լեռնային Ղարաբաղում: Ի՞նչ գործ ունի այստեղ Լեռնային Ղարաբաղը: Եվ դա այն պայմաններում, որ ԼՂՀ ղեկավարությունը նախազգուշացրել է ՙՀիմնադիր խորհրդարանին՚ Լեռնային Ղարաբաղի տարածքում ավտոերթ անցկացնելու անցանկալիության մասին՚,- բացատրել է Սահակյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ այդ տեսակետը գործնականում կիսում են քաղաքական բոլոր ուժերը, քանի որ նրանցից ոչ ոք հանդես չի եկել ՙՀիմնադիր խորհրդարանի՚ գործողությունների աջակցությամբ: ՙԱյո, քաղաքական շատ ուժեր դտապարտել են միջադեպը, բայց ոչ մեկը չի պաշտպանել ՙՀիմնադիր խորհրդարանի՚ գաղափարախոսությունը և գործողությունները՚,- նշել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում Բերձորի մոտ դաժանաբար ծեծի են ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից: Այդպիսով Ղարաբաղի ոստիկանները փորձել են խոչընդոտել ՙ100-ամյակն առանց ռեժիմի՚ շարժման շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն Արցախում: Շարժման մասնակիցների պատմելով, ոստիկանները, որոնցից շատերը քաղաքացիական հագուստով էին, իրենց դուրս են քաշել մեքենաներից և մահակներով ծեծել: Ակտիվիստներից շատերին տարել են Ստեփանակերտի հիվանդանոց:



