Արմինֆո. Եվրոպական միությունը վճռականորեն աջակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանն ու համագործակցության հիմքերի ստեղծմանը: Այդ մասին Twitter-ի իր էջում նշել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
"Ես հաճույքով կարդացի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Բաքվի գլոբալ համաժողովում. Հայաստանի հետ դրական դինամիկայից հետո եկել է "խաղաղության հաստատման, համագործակցության հիմքերի ստեղծման" և "գործնական իրականացման անցնելու" ժամանակը։ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան", - նշել է Կլաարը։
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը, շարունակել է պարծենալ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակով և սպառնալ Հայաստանին նոր մարտական գործողություններով՝ ադրբեջանական օրակարգը չկատարելու դեպքում: Այսպես, Ալիևը հավաստիացրել է, որ Ադրբեջանը կարգավորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և այլևս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարիքը չկա։ "Մեզ արդեն տեղեկացրել են, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այլևս չի գործելու։ Արդեն նրանց թոշակի անցնելու ժամանակն է։ Այսպիսով, ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումը, որ Հայաստանում Մինսկի խմբի կամ որևէ այլ երկրի հետ կապված ցանկացած շահարկում Ադրբեջանում միայն զայրույթ է առաջացնում։ Մենք կարգավորել ենք հակամարտությունը։ Մինսկի խմբի մշակած Մադրիդյան սկզբունքները լուծված են։ Այժմ մենք պետք է մտածենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղիների մասին, ստորագրենք խաղաղության պայմանագիր", - ասել Է Ալիեւը։ Նա նաև պատերազմով է սպառնացել Հայաստանին, եթե նա հրաժարվի, այսպես կոչված, ՀՀ Սյունիքի մարզով միջանցք տրամադրելուց և շարունակի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ։