


New York Times-ի լրագրողներն Արցախ են այցելել մեր պաշտոնական թույլտվությունը ստանալուց հետո միայն: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ New York Times-ի աշխատակիցները Լեռնային Ղարաբաղ են այցելել`ՙպահպանելով Ադրբեջանի օրենքները՚:
ՙԱդրբեջանը վաղօրոք տեղեկացված է եղել New York Times-ի կողմից այց կատարելու մտադրության մասին: Ադրբեջանի տարածքում, այդ թվում`օկուպացված հողերի վրա, լրագրողական գործունեություն իրականացնելու նպատակով աշխատակիցների համար մուտքի արտոնագիր է ձևակերպվել: ԱԳՆ-ը հավատարմագրման համապատասխան քարտեր է տրամադրել նրանց՚,- ասվել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ:
Իրականում, ինչպես հայտնել է Դ. Բաբայանը, NYT-ն համապատասխան խնդրանքով դեռ մեկ տարի առաջ է դիմել պաշտոնական Ստեփանակերտին, որը թույլատրել է լրագրողների մուտքը ԼՂՀ տարածք, սակայն ամերիկյան թերթը զուգահեռ համանման խնդրանքով նամակ է գրել Ադրբեջանի ԱԳՆ-ին: Դրանից հետո ԼՂՀ ներկայացուցիչները հրաժարվել են թույլ տալ լրագրողների մուտքը`հասկացնելով, որ իրենք, գրելով Բաքվին, խախտել են հանրապետության տարածք լրագրողների մուտքի ընթացակարգը կարգավորող ԼՂՀ օրենսդրությունը: ՙԱնցել է մեկ տարի, և New York Times-ի ներկայացուցիչները երկրորդ անգամ են դիմել Ստեփանակերտին`այս անգամ արդեն առանց Բաքվին դիմելու: Դրանից հետո հարցը լուծվել է, և լրագրողները կարողացել են գործունեություն իրականացնել Արցախի տարածքում: Այս առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, դրանք ներկայացված են աղավաղված տեսքով՚,- նշել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:



