
Բերձորի միջադեպը կօգտագործվի Հայաստանի և Արցախի միջև
սեպ խրելու որոշ ուժերի փորձերում: Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին
հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա,
միևնույն ժամանակ, նշել է, որ շատ հարցեր կան նաև Արցախում ավտոերթի
կազմակերպիչներին:
«Նախ, մեզ համար անընդունելի են «Հիմնադիր խորհրդարան» շարժման մեթոդներն ու վարքագիծը,
ինչպես նաև` նպատակները: Դա վերաբերում է նաև «Ցեղասպանության 100-ամյակն առանց
ռեժիմի» կարգախոսին: Դա նշանակում այդ տարեթիվը դարձնել ներեքաղաքական
երկպառակության լուծման գործիք: Այստեղ, հակառակը, հարկավոր է համաժողովրդական
համախմբում: Երկրորդ, մեզ համար անհասկանալի է նաև այն համառությունը, որով
շարժմնա կազմակերպիչներն անտեսեցին Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ առկա լարված
իրավիճակի պայմաններում նման ակցիաներ չանցկացնելու արցախցիների բազմաթիվ կոչերը», - նշել է Վարդանյանը:
Այդուհանդերձ, դաշնակցականի կարծիքով, Բերձորում տեղի
ունեցածն անընդունելի է և դատապարտելի: «Ուժի անհամաչափ կիրառումը ոչ մի լավ բանի
չի հանգեցնում: Վտանգավոր է նաև այն, որ Հայաստանում և նրա սահմաններից դուրս որոշ
ուժեր կփորձեն կատարվածն օգտագործել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև սեպ
խրելու համար», - ընդգծել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի
ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի
Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում Բերձորի մոտ դաժանաբար ծեծի են ենթարկվել ԼՂՀ
ողտիկանների կողմից: Այդպիսով Ղարաբաղի ոստիկանները փորձել են խոչընդոտել
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն
Արցախում:
Շարժման մասնակիցների պատմելով, ոստիկանները, որոնցից
շատերը քաղաքացիական հագուստով էին, իրենց դուրս են քաշել մեքենաներից և
մահակներով ծեծել: Ակտիվիստներից շատերին տարել են Ստեփանակերտի հիվանդանոց:
Կատարվածի
առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ԼՂՀ ոստիկանությունը, որում,
մասնավորապես, ասվում է. «Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։ Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»: