


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական
ուղերձ է հղել Բերձորի դեպքերի
կապակցությամբ:
«Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝
ամոթ մեզ: Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու
նախապայմանով:
Հարգանքով հանդերձ՝ եւ ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը
պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի եւ
հայոց զինվորի: Ապաեւ՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե
ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին: Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին
եւ պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ», - Ասվում է Րաֆֆի Հովհաննիսյանի
ուղերձում:
Հիշեցնենք,
որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան
պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում
Բերձորի մոտ դաժանաբար ծեծի են ենթարկվել ԼՂՀ ոստիկանների կողմից: Այդպիսով
Ղարաբաղի ոստիկանները փորձել են խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման
շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն Արցախում: Շարժման մասնակիցների
պատմելով, ոստիկանները, որոնցից շատերը քաղաքացիական հագուստով էին, իրենց դուրս
են քաշել մեքենաներից և մահակներով ծեծել: Ակտիվիստներից շատերին տարել են Ստեփանակերտի
հիվանդանոց:



