Արմինֆո. Հունիսի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն մեկնել է Սյունիքի մարզ՝ իր աջակցությունը հայտնելու տեղական իշխանություններին և քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև քննարկելու Սյունիքի մարզի Ֆրանսիայի և Եվրամիության հետ ունեցած համագործակցության ամրապնդման հարցերը։ Այդ մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Գորիսում դեսպանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Գորիսի և իր քույր քաղաք Վիենի միջև համագործակցությանը հարուստ օրակարգին, ինչպես նաև Գորիս քաղաքի զբոսաշրջային ներուժին:
Տիկին Լույոն այնուհետև այցելեց Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց, որը 2017թ-ին ներառել է ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը : Այժմ դպրոցում կան ֆրանսերենի խորացված ուսուցման երկու դասարաններ 53 աշակերտով, սակայն բոլոր աշակերտները սովորում են ֆրանսերեն : Դեսպանը ողջունեց ուսուցիչների և աշակերտների սերն առ ֆրանսերենի:
Դեսպանը եղավ նաև Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոնում (Centre Culturel Francophone de Goris) և ողջունեց տարածաշրջանում ֆրանկոֆոնիայի խթանմանն ուղղված կենտրոնի մշակութային և կրթական ծրագրերը: Դեսպանին ուղեկցում էր տնօրեն Կարմեն Ապունցը, ով կիսվեց ֆրանկոֆոնիայի հանդեպ ունեցած սիրով, ինչպես նաև քաղաքի որոշ դպրոցներում ֆրանսերենի ուսուցման դադարեցմամբ պայմանավորված իր անհանգստություններով: Դեսպանն արտահայտեց իր աջակցությունն այդ առիթով :
Դեսպանը հանդիպեց նաև All for Armenia ՀԿ-ին, որն օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի փախստականներին և սահմանամերձ գյուղերում ապրող բնակչությանը, ինչպես նաև « Մարդը կարիքի մեջ » (People in Need) ՀԿ-ին, որն իրականացնում է մարդասիրական և զարգացման ծրագրեր գյուղական զբոսաշրջության, կրթության, մասնագիտական ուսուցման և արտագաղթած հայերի վերաինտեգրման աջակցության ոլորտներում: Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը (OFII Arménie), որն օժանդակում է նմանատիկ ծրագրերի, նույնպես ներկա էր հանդիպմանը:
Օրն ավարտվեց Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն (Centre Cardiovasculaire Franco-Arménien Goris) այցով: Այն Հայաստանում սրտանոթային պաթոլոգիաների դեմ ուղղված պայքարի և կանխարգելման հարցերով զբաղվող հաստատություն է, որն ստեղծվել է 2013 թ-ին «Ակցիա-առողջություն Հայաստան Ֆրանսիա» (Action Santé Arménie France)-ի նախաձեռնությամբ : Դեսպանը հիվանդանոցի հիմնադրի՝ բժիշկ Մատիկյանի և տիկին Սենոյի հետ ծանոթացավ Սյունիքի մարզում առողջապահության ոլորտում առկա խնդիրերին և ընթացիկ տարբեր ծրագրերին : Նա բարձր գնահատեց հաստատության բացառիկ որակը», - ասվում է հաղորդագրությունում: