Արմինֆո.Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ին քննադատել է անգործության համար՝ ադրբեջանցիների կողմից Արցախի գրավյալ տարածքներում հայկական գերեզմանոցի ոչնչացման ֆոնին:
"Ողջույն, ՅՈՒՆԵՍԿՕ: Արդյո՞ք կարող եք հանդիսավոր կերպով հարցնել Բաքվի իշխանություններին, թե ինչու է անհետացել 2020թ. նոյեմբերին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հին շեն գյուղում գտնվող հայկական գերեզմանոցը: Եթե ոչ, ապա ինչով եք զբաղված։",- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
Նշենք, որ չնայած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին, մինչ այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը չի հաջողվել այցելել տարածաշրջան: Ադրբեջանն ամեն կերպ տորպեդահարում է այցը ՝ դրան զուգահեռ զբաղվելով պատերազմի արդյունքում բռնազավթված Արցախի տարածքներում հայկական ներկայության հետքերը ջնջելով։
Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 20 - ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հաղորդել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ ՝ օգնելու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերականգնմանը: Իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն նշել էր, որ կազմակերպությունն "առայժմ սպասում է միայն Ադրբեջանի պատասխանին, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքը տեղերում առաքելության ուղղությամբ": Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը 2020 թվականի դեկտեմբերի 22-ին տարածած կոմյունիկեում կոչ էր արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին չքաղաքականացնել Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության հարցը եւ հայտարարել էր, թե Բաքուն "բաց է կառուցողական երկխոսության ՝ առաքելության կազմակերպման մանրամասները քննարկելու համար": Ռուսաստանի ԱԳՆ-ում բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ արդեն մոտ ժամանակներս: