Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խորհրդարանական խմբակցությունը գլխավոր դատախազի պաշտոնի համար կառաջադրի վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին հունիսի 16-ին լրագրողներին հաղորդել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա ասելով՝ Աննա Վարդապետյանն իր մասնագիտական ու բարոյական որակներով լիովին համապատասխանում է գլխավոր դատախազի պաշտոնին։ Նա համապատասխանում է նաեւ այն առաքելությանը, որն ամրագրված է երկրի օրենսդրության մեջ։ Մասնավորապես, չլինելով կառավարող կուսակցության անդամ, նա իրականացնելու է Սահմանադրությամբ եւ երկրի օրենսդրությամբ ամրագրված լիազորությունները։
Նշենք, որ Աննա Վարդապետյանը հանրությանը հայտնի է դարձել իր արարքի շնորհիվ, երբ անցյալ տարի հրապարակվել էր տեսանյութ, որում նա միջամտել էր գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործի նյութերում: Փաստաբան Ամրամ Մակինյանն այն ժամանակ հաղորդում էր ներկայացրել Աննա Վարդապետյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցանք կատարելու մասին, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր: