
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
բառացիորեն կադրային զտումներ է անցկացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական
ինստիտուտում: Դա պայմանավորված է օրերս կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սահմռկեցուցիչ
սպանությամբ:
ԱիմԻնֆո-ի ունեցած տեղեկություններով, արդեն աշխատանքից
ազատման դիմում է ներկայացրել ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր Մարտին
Կարապետյանը: Նախարարն այդ դիմումն ընդունել է: Պաշտպանական գերատեսչության
ղեկավարը պաշտոնից հեռացնում է ուսումնական հաստատության ողջ ղեկավար կազմին`
ընդհուպ ամբիոնների վարիչներին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երևանում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի վայրի զննության արդյունքների, նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Զոհվածի մոտ հայտնաբերվել է երկտող` իր քայլը ներելու խնդրանքով: Սպանված կուրսանտի չորս ծառայակիցների արդեն մեղադրանք է
ներկայացվել մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդապատճառներով սպանություն
կատարիելու համար: Դրանք են Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը,
Գնել Թևոսյանը: Նրանք կալանավորվել են:
Հունվարի 31-ին պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն էր հրավիրել Բարսեղյանի սպանության առնչությամբ: Ծանոթանալով դեպքի առթիվ կատարվող նախնական քննության, նշանակված ծառայողական քննության մանրամասներին` նախարարը, մասնավորապես, նշել էր, որ տեղի ունեցածը չափազանց մեծ ցավ ու ողբերգություն է և թիկունքից հարված է ողջ զինված ուժերին: Նախարարն իր վրդովմունքն էր արտահայտել այն առնչությամբ, որ որոշ սպաների անհետևողական աշխատանքի, ծառայողական պարտականությունները չկատարելու պատճառով զորամասում գլուխ են բարձրացրել արատավոր բարքերը, որոնց արդյունքում էլ ծնվել է հանցագործությունը: Խստորեն հանդիմանելով ուսումնական զորամասի ամբողջ հրամկազմին` Սեյրան Օհանյանը հավաստիացրել էր, որ բոլոր մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես նաև կատարվելու է ուսումնական զորամասի հաստիքային կազմի արմատական փոփոխություն: