Արմինֆո. Ոստիկանությունը բերման է ենթարկել Ֆրանսիայի հրապարակի վրանը վրաերթ կատարած քաղաքացիներին։ Այդ մասին ԱրմԻնֆոյին պատմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նշենք, որ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը Facebook-ի ուղիղ եթերում հաղորդել էր, որ այսօր առավոտյան ժամը 6-ի սահմաններում Ֆրանսիայի հրապարակում սադրանք է տեղի ունեցել խաղաղ ցուցարարների դեմ: "Ինչ-որ մեկն անարգել, ոստիկանների աչքի առաջ, անցել է ոստիկանական պատնեշի միջով և վրաերթի ենթարկել այն վրանը, որտեղ գտնվում էին մարդիկ", - հաղորդել է պատգամավորը ՝ ոստիկաններին մեղադրելով անգործության մեջ։ Տուժածների մասին չի հաղորդվում։
Ինչպես հաղորդել է Ջանոյանը, այն բանից հետո, երբ տեղի է ունեցել վրաերթ, դեպքի վայրում գտնվող հերթապահ ոստիկանները սկսել են իրավախախտների հետապնդումը: "Ոստիկանները բերման են ենթարկել երեք քաղաքացու, որոնք "Մերսեդես" մակնիշի ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել վրանը։ Ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակակ։ Գույքի փչացման փաստով նյութեր են նախապատրաստվում", - նշել է Ջանոյանը։
Նշենք, որ դիմադրության շարժումը մայիսի 1-ից Ֆրանսիայի հրապարակում վրաններ է տեղադրել եւ հանրապետության ողջ տարածքում անհնազանդության ակցիաներ է անցկացնում ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականի պահանջով: