Արմինֆո. Դատարանը մերժել է "Երկիր Մեդիա" հեռուստաալիքի տնօրեն Բագրատ Եսայանին կալանավորելու մեղադրող կողմի միջնորդությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
"Bagrat Yesayanի նկատմամբ ներկայացված ամբողջապես ապօրինի կալանքի միջնորդությունը մերժվեց։
Շնորհակալություն արդարացի դատական ակտ կայացրած Դատարանին` նախագագությամբ դատավոր Տ. Մուրադյանի", - գրել է փաստաբանը։
Նախօրեին հաղորդվել էր, որ ԱԱԾ աշխատակիցները աշխատավայրից տարել են "Երկիր Մեդիա" հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին: Ավելի ուշ նրա փաստաբան Վահե Եփրիկյանը հաղորդել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով: Եսայանը եւ եւս տասնյակ քաղաքացիներ մեղադրվում են 2020թ. նոյեմբերի 10-ի գիշերը Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցած անկարգությունների գործով: Նույն գործով վերջերս ձերբակալվել էր նաև ՀՅԴ ակտիվիստ Գերասիմ Վարդանյանը։