Արմինֆո.Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիան կասեցնելու գործում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ այսօր ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ որպես սադրանքները կանխելու և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործոն, կոչված է պայմաններ ստեղծելու մեր տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման, կայունության և անվտանգության ապահովման համար։ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն՝ մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերն` ուղղված 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, որոնց թվում չափազանց արդիական և հրատապ է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այս ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ հայ գերիների մի մասի վերադարձը հայրենիք։ Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների ավարտից գրեթե մեկուկես-երկու տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խափանում է Հայտարարության դրույթների կատարումը և հրաժարվում վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց։ Հույս ունենք, որ ռուսական կողմը էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ։
Արդիական է նաև Արցախի մշակութային և կրոնական բազմաթիվ հուշարձանների պահպանման խնդիրը, որոնք հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Ես ընդգծել եմ, որ ադրբեջանական կողմից շարունակվող վանդալիզմի ու պղծման գործողությունների ֆոնին այս հարցը պահանջում է միջազգային անհապաղ ներգրավվածություն։
Չենք կարող չնշել նաև Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հայատյաց և ծավալապաշտական հռետորաբանությունը, շարունակական սադրանքները և հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները։
Բնականաբար, քննարկել ենք տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակաման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերը:
Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի համատեքստում ընդգծել ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, այդ թվում՝ դիվերսիֆիկացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ կապը։ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված է այս գործընթացի հստակ շրջանակը և հուսով ենք, որ փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի վերջին նիստը տեղի ունեցավ վերջերս Մոսկվայում, իր դրական արդյունքները կգրանցի։
Մենք գոհունակություն ենք հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպման կապակցությամբ և հույս հայտնել վերջինիս արդյունավետ գործունեության առնչությամբ։ Արդեն իսկ հայտարարվել է, որ այս ձևաչափի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում։ Ակնկալում ենք, որ ռուսական կողմն իր խորհրդատվական աջակցությունը կցուցաբերի այս գործընթացին՝ համաձայն 2021թ․ նոյեմբերի 26-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ արձանագրված պայմանավորվածության», - ամփոփել է Հայաստանի արտգործնախարարը։