Արմինֆո. Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Արարատ Միրզոյանը կտրականապես հերքել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման՝ Ադրբեջանի կողմից հնչեցվող միջանցքային տրամաբանությունը։
Հունիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի դանդաղ աշխատանքի մասին հարցին, Լավրովը չի
համաձայնել նման գնահատականին, հայտարարելով, որ աշխատանքը բավականին ռիթմիկ է ընթանում։
"Ես այստեղ, առաջին հերթին, դրական եմ տեսնում հունիսի 3-ին երեք փոխվարչապետերի մակարդակով հանդիպումների արդյունքների տեսանկյունից։ Ես չէի ասի, որ ընդմիջում շատ է ձգվել, նրանք աշխատում են ռիթմիկ: Ժամանել էին այն հարցերի լուծմանը նախապատրաստված, որոնք դեռ մնում է կարգավորել", - ասել է ՌԴ ԱԳ նախարարը ։
Այս համատեքստում Լավրովը նշել է, որ երկաթուղային երթուղին արդեն համաձայնեցված է, այժմ ավարտվում է ավտոմոբիլային երթուղու եւ այն ռեժիմի համաձայնեցումը, որը կհաստատվի: "Այն լինելու է պարզեցված, բայց, միանգամայն հաստատ, հենվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա։ Այստեղ երկիմաստություն լինել չի կարող։ Այո, սրանք բաներ են, որոնք կապված են գետնի վրա գործնական գործողությունների հետ, որոնք կապված են ենթակառուցվածքների ստեղծման հետ, ինչպես ասում են, երկար տարիների համար։ Այնպես որ, այստեղ ավելի լավ է տաս անգամ կշռել՝ նախքան գործն սկսելը: Եվ մենք լիակատար զգացողություն ունենք, որ և ադրբեջանցի, և հայ գործընկերները ելնում են հենց դրանից", - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հայաստանի արտգործնախարարը, իր հերթին, նույնպես համոզմունք է հայտնել, որ աշխատանքները չեն ձգձգվել, եւ քննարկումները շարունակվում են աշխատանքային տեմպերով: Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ շատ հարցերի շուրջ կա ընդհանուր ըմբռնում։ Նրա խոսքով, դա, առաջին հերթին, վերաբերում է այն բանին, որ բոլոր ճանապարհները, որոնք կբացվեն, գործելու են այն երկրների ինքնիշխանության եւ իրավասության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: "Բնականաբար, ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք լինել չի կարող, ինչը ես ուզում եմ ընդգծել։ Սա ընդհանուր ըմբռնում է", - ասել է Միրզոյանը։
Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Ռուսաստանի նախագահը բանակցություններից հետո հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը կգլխավորեն երեք երկրների փոխվարչապետները: Խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման հարցերով: Հունիսի 3-ին տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը, որը վարել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
"Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը մոտեցրել են սահմանային և վերահսկողության այլ տեսակների, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթեւեկությանը վերաբերող դիրքորոշումների։ Փոխվարչապետները քննարկել են Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցություն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր ուղիները: Կողմերը կշարունակեն աշխատանքը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ", - ասվել է հանդիպման արդյունքների վերաբերյալ: