Արմինֆո.Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը, ուր դեռ մարտի 24-ին ներխուժեցին Ադրբեջանի զինված ուժերը:
Հունիսի 9-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով ԱրմԻնֆոյի այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հարակից տարածքներից ադրբեջանական զինված ուժերի ամբողջական դուրս բերման համար, Լավրովը նշել է, որ ռուս զինվորականները այդ հարցը համարում են իրենց առաջնահերթություններից մեկը, ինչի մասին քաջատեղյակ են հայ գործընկերները: "Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան գետնի վրա իրադրության ապաԷսկալացման տեսանկյունից, եւ մենք ունենք ըմբռնում, որ սահմանազատման արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակներում այդ հարցերը կքննարկվեն եւ անպայման կլուծվեն", - ասել է Ռուսաստանի նախարարը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով շփման գիծը, ներխուժել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և փորձել գրավել Քարագլուխի ռազմավարական բարձունքը: Այդ տարածքները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները կոչ են արել Ադրբեջանին վերականգնել շփման գիծը մարտի 23-ի դրությամբ: Սակայն Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են մնալ Քարագլուխի բարձունքում, ինչի արդյունքում ավելի քան 400 մարդ չի կարողանում վերադառնալ իրենց տները ։