Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին և Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի արդիական հարցերը: Փոխվարչապետը կարևորել է հատկապես տնտեսական հարցերով ճանապարհային քարտեզի հաստատումն ու համատեղ ջանքերի շնորհիվ դրա շարունակական իրականացումը: Երկուստեք ընդգծվել են ենթակառուցվածքների զարգացման, ջրային և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և այդ համատեքստում տարածաշրջանային տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Մհեր Գրիգորյանն ընդունել է նաեւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին: