Արմինֆո.Մարտունի և Ասկերան քաղաքներում բացվել են Թումո տուփեր, որոնք եկել են լրացնելու Ստեփանակերտի Թումո կենտրոնի և Մարտակերտի Թումո տուփի աշխատանքները: Այդ մասին հաղորդել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Արդեն բոլոր երեք շրջկենտրոններում (Մարտակերտ, Մարտունի և Ասկերան) ունենք Թումո տուփեր, որտեղ հաճախելու հնարավորություն կունենա առնվազն 1,000 երեխա՝ ուսանելու ինքնուսուցողական վարժանքներ ու դասընթացներ 14 կրթական ոլորտներում, իսկ աշխատարանները կկազմակերպվեն Ստեփանակերտի Թումո կենտրոնում, որը ևս ավելի քան 1,000 սան հյուրընկալելու հնարավորություն ունի:
Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ պայմանավորվեցինք առաջիկայում տեղադրել ևս երկու Թումո տուփ շրջանային խոշոր բնակավայրերում: ԱՀ կառավարությունը տարիներ շարունակ ապահովել է տրանսպորտի հասանելիություն շրջանաբնակ հարյուրավոր երեխաների համար հաճախելու Ստեփանակերտի Թումո կենտրոն, և այդ աջակցության ծավալները մեծացնելու ենք Թումո տուփերի տեղադրմամբ պայմանավորված: Արցախի ոչ մի երեխա չպետք է զրկված լինի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ Թումոյում: Ասկերանում բացման արարողությունը կատարվեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, իսկ Մարտունիում ու Ասկերանում բացմանը մասնակցեցինք ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի և այլ պաշտոնատար անձանց հետ միասին: Մեծ շնորհակալություն Թումոյի նվիրյալ թիմին իրենց հայրենանվեր ջանքերի համար», - գրել է պետնախարարը «Ֆեյսբուքի» իր էջում: