Արմինֆո. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Հակոբավանքի վանական համալիր և մասնակցել Սուրբ պատարագին։ Այդ մասին Հարությունյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ քննարկել ենք նաև հոգևոր կենտրոնի վերականգնման ծրագրի անհրաժեշտությունը։ Հավաստիացրել եմ, որ Կառավարությունն այդ առումով կգործադրի անհրաժեշտ ջանքեր», - գրել է Հարությունյանը։
Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հեռավորության վրա է գտնվում տարածաշրջանի հնագույն, բայց նաև մինչև վերջ չուսումնասիրված տեսարժան վայրերից մեկը ՝ Հակոբավանքը։ Այս վանական համալիրը Արցախի ազգային ժառանգության և ավանդույթների վերածննդի յուրօրինակ խորհրդանիշ է։ Հակոբավանքի մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել մոտավորապես 7-9-րդ դարերում։ Պատմաբանների հատուկ ուշադրությունը գրավում է 853 թվականին վերագրվող խաչքարը։ Վանական եկեղեցու հին գրերը վկայում են այն մասին, որ այն վերականգնվել է դեռևս 12-րդ դարում։ Հենց այդ ժամանակահատվածում է կառուցվել համալիրի շինությունների մեծ մասը ։ Հետագայում վանքի արևելյան հատվածին ավելացվել են բնակելի և տնտեսական շինություններ։ Հակոբավանքը ոչ միայն հոգևոր սրբավայր էր, այլև ուսուցման, լուսավորության, դաստիարակության կենտրոն։