Արմինֆո. ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հրաժարականը պահանջող դիմադրության շարժման կողմնակիցները արգելափակել են կառավարության շենքի բոլոր 6 մուտքերը:
"Հիմա մեր խնդիրն է արգելափակել բոլոր մուտքերը։ Նույնիսկ մի փորձեք մտնել շենք: Արգելափակել բոլոր վեց մուտքերը: Գործել հանգիստ, ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չմտնել", - հայտարարել է "Հայաստան" խմբակցությունից ԱԺ փոխնախագահ, դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Կառավարության շենքի դիմաց սաղավարտներով, վահաններով ու մահակներով ոստիկանների մի քանի շարքերից բաղկացած պատնեշ է կառուցվել: Հանրապետության հրապարակում են նաեւ ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումներ, որոնք ավելի հայտնի են որպես "կարմիր" և " սև " բերետներ։
Վարչապետի ավտոշարասյունը հասցրել է լքել կառավարության շենքը՝ մինչեւ մուտքերի եւ ելքերի արգելափակումը։
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր ժամը 16։ 00-ին արտահերթ նիստ էր հրավիրել՝ ընդդիմադիր "Հայաստան" եւ "Պատիվ ունեմ" խմբակցությունների պահանջով: Օրակարգում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության քննարկումն ու ընդունումն էր։ Նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով. ներկա էին միայն 33 ընդդիմադիր պատգամավորներ, քվորումի համար անհրաժեշտ էր 54 պատգամավոր։ Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն անցած շաբաթ հայտարարել էր, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին: ՔՊ-ում հայտարարել էին, որ չեն ենթարկվի քաղաքական շանտաժի եւ չեն մասնակցի արտահերթ նիստին, սակայն շարունակելու են պաշտպանել Արցախի եւ նրա բնակչության իրավունքները բոլոր մակարդակներում եւ հարթակներում: