Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը լիովին չեն օգտագործում առկա ներուժը՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այդ մասին հունիսի 2-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը՝ "Զվարթնոց" օդանավակայանում Ալմաթի-Երեւան առաջին ուղիղ չվերթի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։
Այդ կապակցությամբ նա նշել է, որ ուղիղ ավիահաղորդակցության մեկնարկը, փոխադարձ զբոսաշրջային հոսքերը խթանելուց զատ, կնպաստի նաեւ մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունների բացահայտմանը: Նշելով ԵԱՏՄ շրջանակներում երկրների միջև առկա բազմաթիվ համաձայնագրերը՝ Արզումանյանն ընդգծել է նոր ուղղություններով փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: "Զբոսաշրջային հոսքի աճը բերում է նաև բիզնես առաքելությունների այցին, ինչը մենք կարևորում ենք։ Ակնկալում ենք, որ ուղիղ չվերթի գործարկումից հետո կակտիվանան նաեւ գործարարների այցերը, ինչի արդյունքում կիրականացվեն փոխշահավետ ծրագրեր", - ընդգծել է նա:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կրճատվել է 36,4 տոկոսով' ապահովելով 2.2 մլն դոլարի ծավալ: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 29,2 տոկոսով' մինչեւ 1.9 մլն դոլար՝ ներմուծման 59,5 տոկոսով' մինչեւ 334.4 հազար դոլար անկման դեպքում:
Ողջ 2021 թվականի ընթացքում երկրների միջեւ փոխադարձ առեւտրի ծավալը 48,6 տոկոսով աճ է գրանցել՝ մինչեւ 18,3 մլն դոլար: Ընդ որում, արտահանման ծավալը կազմել է 10,5 մլն դոլար, ինչը 59,5 տոկոսով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը, ներմուծման 36 տոկոսով ՝ մինչեւ 7,8 մլն դոլար աճի դեպքում:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2021 թվականին Ղազախստանից Հայաստան է ժամանել 5 450 զբոսաշրջիկ, ինչը 2.4 անգամ բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։