Արմինֆո.ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի ներկայությամբ ստորագրել են առողջապահության ոլորտում, մասնավորապես, փորձագիտական փոխանակումներին և վերապատրաստումներին վերաբերող համագործակցության համաձայնագիր:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ֆրանսիական կողմը, որն իր հերթին կստորագրի համաձայնագիրը Ֆրանսիայում, ներկայացնում են Լիոն 1 Կլոդ Բեռնար համալսարանը, Լիոնի համալսարանական հիվանդանոցների համալիրը և Լը Վինատիե հիվանդանոցային համալիրը:
Սույն հանաձայնագրով կողմերը առողջապահության բնագավառում կմշակեն համալսարանական-հիվանդանոցային համագործակցության քաղաքականություն` նպատակ ունենալով փոխադարձ ուսուցման գործունեության շրջանակներում խթանել ոլորտի մասնագետների, փորձագետների փոխանակման ծրագրերը՝ ներառյալ փոխանակումները բժշկական խնամքի ոլորտի մասնագիտական ուղղությունների և դասընթացների կազմակերպական, ինչպես նաև մասնագիտացված խնամքի շրջանակներում:
Սույն համաձայնագրի ստորագրումը խորհրդանշում է առողջապահության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը։ Այն իրենից ենթադրում է համագործակցություն վերոնշյալ հաստատությունների միջև՝ մասնավորապես փորձագիտական փոխանակման և պրակտիկայի միջոցով:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ողջունել է այս համաձայնագրի ստորագրումը, մասնավորապես, նշելով. «Այս համաձայնագրի ստորագրմամբ մենք թևակոխում ենք նոր փուլ, որը թույլ կտա ունենալ էլ ավելի շատ փորձագետների փոխանակման ծրագրեր, գիտելիքների փոխանցում, ինչն էլ մեր համագործակցության հիմքերից մեկն է…»: