Արմինֆո. Անկարայի կողմից սահմանների ապաշրջափակման հարցում Վաշինգտոնի նկատմամբ Երեւանի հույսերն անհիմն են։ Թեև, հասկանալի է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանի կողպեքի տակ է պահում հենց Թուրքիան։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ՌԳԱ ՀՏՄՀԻ-ի ավագ գիտաշխատող, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
"Հայ-թուրքական գործընթացի նկատմամբ ԱՄՆ ուշադրությունը, իհարկե, անվիճելի է։ Այլ հարց է, որ Թուրքիան ամենեւին էլ միանշանակ ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող երկիր չէ։ Եվ դա՝ չնայած ՆԱՏՕ-ի անդամությանն ու ԱՄՆ-ի հետ այլ կապերին։ Այս լույսի ներքո՝ Թուրքիայի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման Հայաստանի ղեկավարության ակնկալիքներն ու հույսերը ես չեմ գնահատում որպես ներքին թուրքական իրողություններին եւ միտումներին համապատասխանող: Այդ թվում՝ թուրքական քաղաքականության հայկական ուղղության՝ Բաքվի հետ համաձայնեցված լինելու պատճառով", - նկատել է նա։
Արևելագետի կանխատեսմամբ՝ Անկարայից Երևանի նկատմամբ ինքննիշխան, նախապայմաններից զերծ քայլեր ակնկալելու հարկ չկա։ Առնվազն, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ դրական տեղաշարժերի բացակայությունը։ Մինչդեռ, վերջինս այս հեռանկարի հետ կապված աավելի մեծ ակնկալիքներ ունի, ինչի մասին բացահայտ խոսում է։
Նադեին-Ռաեւսկու կարծիքով, Ադրբեջանի համար, իր հերթին, Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունները եւ Անկարայի կողմից Երեւանին ընդառաջ ցանկացած քայլ գործիք է Հայաստանի հետ սեփական բանակցություններում առաջընթացի հասնելու համար: Հատկապես, այն պայմաններում, երբ ինքը՝ Թուրքիան, ըստ էության, հատուկ արտոնություններ չի ակնկալում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից։ Ըստ այդմ, թուրքերը, նրա կարծիքով, ամենեւին շտապելու պատճառ չունեն:
"Այստեղից էլ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարներին առնչվող ընթացիկ անորոշությունը։ Ուշադրություն դարձրեք՝ գործընթացը գնում է արդեն գրեթե կես տարի, կայացել է հատուկ ներկայացուցիչների երեք հանդիպում: Իսկ դրանց արդյունքների մասին ոչինչ հայտնի չէ, նույնիսկ, փորձագիտավերլուծաբանական հանրությանը, էլ չենք խոսում հասարակության մասին։ Ավելին, վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով Երևանը, նախկինի պես, չի բարձրաձայնում պատմական արդարության վերականգնման հետ կապված իր պահանջներից ոչ մեկը։ Իսկ Անկարան ժամանակ է ձգում՝ ելնելով Բաքվի շահերից, և, հարկ եղած դեպքում, ցանկացած պահի կարող է առաջ քաշել սեփական նախապայմանները", - ամփոփել է արևելագետը։