Արմինֆո. Ի՞նչ որոշումների հիման վրա է ՀՀ ԶՈՒ վրանը տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում: Նման հարցադրում է արել ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի պաշտպանության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ, մեր զինծառայողի խոցման հատված։ Լուսանկարներում տեսանելի է վրան, որը ենթադրաբար մեր զինծառայողների կացարանն է։ Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասեցին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում, առհասարակ զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։ Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ինչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում։ Հիշեք ոստիկանությանը հատկացվող մեծ խրախուսանքային բյուջեն, ոստիկանության զորքերի Երևանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ բռնությունները և սահմանային հատվածում վրանային ու անպաշտպան հատվածները։ Սրանց համար ուժային համակարգը ունի մեկ նպատակ՝ կատարել բութ գործիքի դեր, իսկ սահմանների պաշտպանությունը թողնված է Ադրբեջանի քմահաճույքներին։
ՀԳ. Ադրբեջանի տարածած լուսանկարը չեմ տեղադրում, որպեսզի զոհված մեր զինծառայողի հարազատների զգացմունքները որևէ ձևով չվիրավորեմ։ Իմ համար ևս ծանր պատկեր է», - գրել է Աբրահամյանը «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ը մայիսի 28-ին հաղորդել էր, որ նույն օրը, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծանր: Նա հոսպիտալացվել էր եւ մայիսի 29-ի գիշերը մահացել:
Մինչդեռ ադրբեջանական պաշտպանական գերատեսչությունում հավաստիացրել են, որ մեղսակից չեն ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությանը, եւ նրա մահը միջանձնային հարաբերությունների պարզման արդյունք է: Ավելի համոզիչ լինելու համար նրանք լուսանկարներ էին հրապարակել, իբր, դեպքի վայրից։ Հայաստանի ՊՆ-ում ոչ մի կերպ չեն արձագանքել ադրբեջանական կողմի այդ հայտարարություններին։ Այդ առնչությամբ պաշտպանական գերատեսչությանն ուղղված հայկական ԶԼՄ-ների հարցումները նույնպես անպատասխան են մնացել։