Արմինֆո.Մայիս ամսվա ընթացքում իմ և ձեր վճարած հարկերից ոստիկանությունը ստացել է 6.500.000 դոլար (վեց միլիոն հինգ հարյուր հազար դոլար) պարգեւավճար: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Բուժաշխատողները չեն ստացել, ուսուցիչները չեն ստացել, իսկ ոստիկանները ստացել են:
նիկոլը հիմա թքած ունի թե՛ բժիշկների և թե՛ ուսուցիչների վրա, նրանք իրեն չեն հետաքրքրում, քանի որ անցած տարի արդեն ստացել է նրանց ձայները: Հիմա նրա համար ավելի կարևոր են ոստիկանները, քանի որ պետք է ոստիկաններին դարձնել իր իշխանությունը պահող վարձկաններ: Դե իսկ բուժաշխատողներին ու ուսուցիչներին «նախկիններով ու թալանով» կխաբի հաջորդ ընտրություններին ու կստանա նրանց ձայները, բայց 6.5 միլիոն դոլար պարգևավճարը կտա ոստիկաններին», - գրել է նա:
Ավելի վաղ ՀՀ Ոստիկանությունում նշել էին, որ նյութական խրախուսումը ամենեւին էլ նոր երևույթ չէ ոստիկանության համակարգում և հատկացվում է ոչ քաղաքացիական անհնազանդության փողոցային ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունների համար: Ոստիկանությունում նշել են, որ պարգեւավճարներ տրվել են ինչպես 2014 թվականին "Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքի ընդունումից առաջ, այնպես էլ՝ հետո: