
Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հավակնություններ արտահայտել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ և սպառնում է ուժով վերցնել դրանք։ Ադրբեջանի անփոփոխ առաջնորդի հավաստմամբ, միջազգային իրավունքն այլեւս չի աշխատում, եւ ամեն ինչ որոշում է ուժը, ինչի մասին վկայում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի արդյունքները:
ՆԱՏՕ-ի ուժեղագույն բանակներից մեկի՝ Թուրքիայի բանակի աջակցությամբ Արցախի նկատմամբ, այսպես կոչված, հաղթանակից թեւավորված Ալիեւն այժմ սպառնում է վերցնել "պատմական ադրբեջանական տարածքները ՝ Երեւանն ու Զանգեզուրը", վստահեցնելով, որ դրանք պատկանել են Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետությանը։ Մոռանալով, որ իր նշած հանրապետությունը երկամյա կյանք է ունեցել և հռչակվել Է Թիֆլիսում Անդրկովկասի մահմեդականների ժամանակավոր Ազգային խորհրդի կողմից Անդրկովկասյան ֆեդերացիայի գոյության դադարեցման ժամանակ։
Այնուհետև Ալիևը շարունակել է ցանկալին ուպես իրականություն ներկայացնել, կրկին հավաստիացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտել է իր գործունեությունը։ "Հիմա հետկոնֆլիկտային շրջան է։ Մենք ապրում ենք այս ժամանակահատվածում, թելադրում ենք օրակարգ եւ հակամարտությունից հետո ընկած ժամանակաշրջանում, եւ պատերազմից հետո անցած մեկ ու կես տարվա ընթացքում, հասել ենք նրան, ինչին ուզել ենք։ Մենք հասել ենք, կամ էլ հասնում ենք այն ամենին, ինչի մասին ես խոսել եմ", - ասել է Ալիևը, նաև վստահեցնելով, որ ողջ աշխարհը, առաջատար երկրներն ու առաջատար միջազգային կազմակերպություններն ընդունել նոր իրողությունները և որպես հիմք ընդունում են ադրբեջանական օրակարգը։
Նա նաեւ նշել է, որ Հայաստանը 1,5 տարի հրաժարվել է որոշել Ադրբեջանի հետ սահմանները, սակայն մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հանձնաժողովների առաջին հանդիպումը:
"Դա շատ մեծ իմաստ ունի։ Եվ այն առումով, որ մենք սահմաններ ենք որոշելու, և դա շատ կարևոր է։ Դա ինքնըստինքյան պաշտոնապես վերջ կդնի Հայաստանի ռեւանշիստական, ֆաշիստական ուժերի տարածքային հավակնություններին Ադրբեջանի նկատմամբ։ Որովհետև, եթե մենք սահմաններ ենք որոշում, ապա Լեռնային Ղարաբաղի ինչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել։ Սա Ադրբեջանի տարածքն է, և դա բոլորն ընդունում են։ Այդ պատճառով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի սահմանազատման հանձնաժողովների առաջին նիստը շատ կարեւոր է", - ընդգծել է Ալիեւը։
Ալիևը եւս մեկ կարևոր ուղղություն է համարել Հայաստանի Սյունիքի մարզով տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։ "Հայաստանը միշտ փորձել է խոչընդոտել դրան։ Բայց կրկին, նայեք բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությանը, արդեն նշված է, որ և երկաթգիծը, և ավտոմոբիլային ճանապարհը անցնելու են Մեղրիով, Զանգեզուրով։ Այսինքն՝ մենք դրան ենք հասնում, և ես ասել եմ, որ կհասնենք", - եզրափակել է Ալիևը։