Արմինֆո. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման եւ անվտանգության հարցերով հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառուցողական է համարել երկու երկրների ազգային հանձնաժողովների առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 24-ին սահմանին՝ Երասխի ուղղությամբ:
"Իսկապես, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումն անցկացրեցինք սահմանին։ Այդ հանդիպմանը մենք քննարկել ենք բացառապես հետագա համատեղ աշխատանքի կազմակերպչական հարցեր, և այդ առումով հանդիպումը համարում եմ միանգամայն կառուցողական։ Սահմանազատման եւ սահմանների անվտանգության հարցերի հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ դեռեւս պայմանավորվածություն չկա, սակայն կա հաստատում, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում", - հաղորդել է նա ՏԱՍՍ-ին:
Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի կունենա եռակողմ աշխատանքային խմբի նիստ, որը նվիրված է տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը ' Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ: "Այդ հանդիպման կոնկրետ ամսաթիվը հիմա համաձայնեցման գործընթացում է, իսկ հանդիպման օրակարգը ներառում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի (10-ին) եռակողմ հայտարարության 9-րդ կետում եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունում ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր: Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի", - հավելել է նա։
Մայիսի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման եւ անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին: Իսկ արդեն մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շրջանակներում և համապատասխան կարգադրությունների հիման վրա, հայ - ադրբեջանական միջպետական սահմանին տեղի ունեցավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը ՝ ՀՀ և ԱՀ միջև սահմանի դելիմիտացիայի և անվտանգության հարցերի հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով: Իսկ մայիսի 25-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հաղորդել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում։