Արմինֆո. Հիմք ընդունելով վերջին շաբաթներին աշխարհում տարածվող «կապիկների ծաղիկ» զոոնոզ հիվանդության դեպքերը և հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2022 թվականի մայիսի 28-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 28-ը արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք պրիմատների և կրծողների կարգին պատկանող կենդանատեսակների ներմուծումը, Եվրասիական տնտեսական անդամ մի պետությունից Հայաստան տեղափոխումը և երկրի տարածքով տարանցիկ փոխադրումը։ Այդ մասին հաղորդել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը:
Կապիկների ծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որի ամենամոտ եւ ամենահայտնի ազգականը բնական ծաղիկի վարակն է: Վերջինիս վերջին հաստատված բռնկումը եղել է 1978 թվականին, իսկ 1980 թվականին ԱՀԿ - ն պաշտոնապես հայտարարել է հիվանդության լիակատար վերացման մասին:
Կապիկների ծաղիկն առաջին անգամ հայտնաբերվել է 1958 թվականին լաբորատոր կապիկների մոտ. դրանով է պայմանավորված վարակի պաշտոնական անվանումը՝ Monkeypox virus։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել է կապիկների ծաղիկով մարդու վարակման առաջին հաստատված դեպքը, եւ այդ ժամանակվանից ի վեր հիվանդությունը կանոնավոր կերպով ախտորոշվել է Կենտրոնական եւ Արեւմտյան Աֆրիկայի բնակիչների շրջտանում: 2003 թվականին ԱՄՆ-ում 70 մարդ հիվանդացել է կապիկների ծաղիկով, ենթադրաբար, վարակվելով կրծողների հետ շփման հետեւանքով: 2018 թվին հիվանդությունը հայտնաբերվել է Իսրայելում, 2018, 2019 եւ 2021 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում, 2019թվին՝ Սինգապուրում, եւ 2021 թվին՝ ԱՄՆ-ում: 2022 թվականի մայիսի 7-ին կապիկների ծաղիկ վարակը հաստատվել է Մեծ Բրիտանիայի բնակչի մոտ, որը վերադարձել էր Նիգերիայից։ Մայիսի 14-ին Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են հիվանդության եւս 2 դեպք, որոնք կապ չունեն առաջին հիվանդի հետ, իսկ մայիսի 16-ին հայտնաբերվել են եւս 4 հիվանդի, որոնք չեն շփվել նախորդ երեք վարակվածների հետ: UKHSA-ի տվյալներով ՝ մայիսի 23-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում կապիկների ծաղիկ հաստատված ախտորոշմամբ 71 հիվանդ կա: Վարակը սկսել է տարածվել Ավստրալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Իսրայելում, Կանադայում, ԱՄԷ-ում, Չեխիայում, Սլովենիայում, Ավստրիայում, Դանիայում: Այժմ հայտնաբերվել է կապիկների ծաղիկ հիվանդության ավելի քան 200 հաստատված եւ կասկածելի դեպք: