Արմինֆո.Ռուս-ուկրաինական պատերազմի շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության ակտիվացումը պայմանավորված է Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների զուգահեռ սրմամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
"Վերջինս կրկին դրդեց ԱՄՆ-ին վերադառնալ բազմամյա քաղաքականությանը, որի շրջանակում նրանք Թուրքիային դիտարկում են որպես Արևմուտքի շահերը ներկայացնող նրա մաս, որն աշխատում է Հարավային Կովկասում ՌԴ ազդեցության թուլացման ուղղությամբ։ Այս լույսի ներքո՝ ես ակնկալում եմ Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշում, որպեսզի վերջինս կարգավորի Հայաստանի հետ հարաբերություններն՝ առանց նախապայմանների", - նշել է նա։
Ի դեպ, ակադեմիկոսի կանխատեսումամբ, Անկարան չի գնա դրան, քանի որ, հրապարակավ հայտարարելով Երևանի նկատմամբ նախապայմանների բացակայության մասին, իրականում, արդեն դրանք բանակցային սեղանին է դնում՝ որպես ճնշման միջոց։ Այսպես թե այնպես, ԱՄՆ-ը, ըստ Սաֆրաստյանի, շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակով։
Թուրքիան, իր հերթին, ըստ Սաֆրաստյանի, բոլորովին շահագրգռված չէ խզել սեփական ռազմավարական եւ իր համար շատ կարեւոր հարաբերությունները ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի հետ: Եվ վերջիններս, շատ լավ հասկանալով դա, շարունակում են Անկարայի հետ խաղալ քաղաքական խաղեր, շարունակելով սակարկությունն ամենատարբեր հարցերի շուրջ, ինչը միանգամայն ձեռնտու է Թուրքիային, որն՝ ինքը, դեմ չէ խաղալ այդ խաղերը ՝ հույս ունենալով ԱՄՆ-ից ինչ-որ էական բան պոկել։
Այս աշխարհաքաղաքական ֆոնին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, թուրքագետի կարծիքով, անհրաժեշտ է Թուրքիային՝ Երևանի նկատմամբ ճնշում գործադրելով նրանից զիջումներ կորզելու նպատակով, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Եվ հետագայում այդ ամենը դնել ԱՄՆ-ի և, մասամբ, Ռուսաստանի հետ սակարկությունների սեղանին։ Իսկ Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար, առանձնապես, գին չեն ներկայացնում։
"Հուսով եմ, որ Հայաստանը, որը տասնամյակներ շարունակ մշտապես հավատարիմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների նորմալ հարաբերությունների հաստատման գծին, հաստատակամություն կդրսեւորի, չի ենթարկվի թուրքական կողմի ճնշմանը եւ չի գնա զիջումների սկզբունքային հարցերում, որոնք առնչվում են մեր ինքնությանը։ Կարծում եմ, նման դիրքորոշումը ըմբռնում կգտնի ինչպես է ԱՄՆ-ի, այնպես էլ արդի աշխարհի ուժի այլ կենտրոնների կողմից", - եզրափակել է ակադեմիկոսը: