Արմինֆո.Եվրամիությունը պատրաստ է ուժեղացնել աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջոցառումներին, Trend-ի հետ հարցազրույցում ասել Է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Նա նշել է, որ մայիսի 22-ին Բրյուսելում Ադրբեջանի, Հայաստանի եւ Եվրոպայի Խորհրդի ղեկավարների հանդիպումը թվով երրորդն էր՝ 2021 թվականի դեկտեմբերից ի վեր: "Ինչպես դրա արդյունքների վերաբերյալ նշել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, այդ հանդիպումը թույլ է տվել մտքերի անկեղծ եւ արդյունավետ փոխանակում անցկացնել օրակարգի բոլոր հարցերի շուրջ: ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի հաստատակամ հավատարմությունն այդ ձեւաչափին։ Առաջիկա շաբաթներին մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան առաջնորդները կրկին կհավաքվեն հերթական եռակողմ հանդիպման՝ այս ամռանը", - ասել է Կլաարը։
Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ մայիսի 22-ին մի քանի կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել, մասնավորապես, մայիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների համատեղ առաջին նիստի կազմակերպման վերաբերյալ: Բացի այդ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջեւ տրանսպորտի տարանցումը կարգավորող սկզբունքների վերաբերյալ: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա առաջնորդները պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, հողային տուրքերի սկզբունքների, ինչպես նաև մաքսային կանոնների մասին՝ միջազգային փոխադրումների համատեքստում։
Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության համաձայնագրին, ապա առաջնորդները հանձնարարել են իրենց թիմերին շարունակել քննարկումները եւ առաջիկա շաբաթների ընթացքում առաջընթաց ապահովել, նշել է հատուկ ներկայացուցիչը:
"Դիտարկելով ձեռք բերված առաջընթացը՝ ես խորապես հավատում եմ, որ առաջնորդները կիսում են Հարավային Կովկասում կայուն խաղաղության տեսլականը։ Բրյուսելում կայացած հանդիպումները կարեւոր տարր են կողմերի մերձեցման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը նպաստելու համար", - ասել է Կլաարը։
Նրա կարծիքով՝ բուն հանդիպումներին զուգահեռ կարեւոր է, որ կողմերը ձեռնարկեն քայլեր, որոնք անհրաժեշտ են բնակչությանը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու համար։
"ԵՄ-ը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթը խորհրդարանում, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը թշնամանքի էջը շրջելու եւ հակամարտությունից տուժած ողջ բնակչության համար անվտանգ եւ դրական ապագա ապահովելու անհրաժեշտության մասին: Դեռ շատ բան կարելի է և պետք է անել, բայց ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և կտեսնենք ավելի կոնկրետ պայմանավորվածություններ նաև այդ ոլորտում", - ասել է Կլաարը ։
Հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է տարածաշրջանում երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերը: "Բրյուսելյան ձեւաչափից բացի, կան նաեւ այլ կողմեր, այլ խաղացողներ, որոնք օգնում են երկու կողմերի համար ընդունելի համապարփակ լուծում որոնել: Մենք բոլորս ելնում ենք այն պայմաններից, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվել են 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին հայտարարության մեջ։ Եվ ես նախկինում արդեն ասել եմ, որ Մոսկվայում և Սոչիում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները նույն ուղղությունն ունեն, ինչ եւ մենք։ Մեր ջանքերը չեն բացառում միմյանց, այլ՝ հակառակը", - ասել է նա։ "Բայց մենք, ցավոք, նաեւ լսում ենք որոշ հայտարարություններ, որոնք չեն նպաստում լարվածության նվազմանը։ 30-ամյա հակամարտության մասին հիշողությունները, ներառյալ 1990-ականների պատերազմը եւ 2020-ի պատերազմը, դեռեւս կենդանի են երկու հասարակություններում: Անհրաժեշտ է բուժել վերքերը և վերականգնել վստահությունը տարբեր համայնքների միջև, ինչը չի հաջողվի անել միակողմանի կարգով։ Տարածաշրջանի բնակչությունը պետք է վստահ լինի խաղաղ գործընթացի հետագա զարգացման հարցում, եւ դրա համար ժամանակ կպահանջվի", - ասել է հատուկ ներկայացուցիչը։
Նրա խոսքով կարեւոր է նաեւ բնակչությանը նախապատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության եւ ապահովել բոլոր տեղահանված անձանց վերադարձի համար պայմանների կատարումը: "Այս համատեքստում մենք նաեւ ակնկալում ենք ավելի սերտ համագործակցություն հումանիտար հարցերի եւ կոնկրետ հումանիտար նախաձեռնությունների շուրջ՝ մոտ ապագայում, ներառյալ ականազերծման, անհայտ կորածների ճակատագրերի պարզման հարցերը: ԵՄ-ը պատրաստ է ուժեղացնել աջակցությունը այդ խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին", - ասել է Կլաարը։