Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը ողջունել է ԱԼԻՖ-ի գործունեությունը պատմամշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում և ՀՀ կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից, և մեծապես կարևոր է միջազգային հանրության, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անխոչընդոտ ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի տարածքում պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ուղղությամբ համագործակցության հարցեր: Մտքեր են փոխանակվել ամրապնդման և թվայնացման աշխատանքների, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:
Նշենք, որ ԱԼԻՖ-ը հիմնադրվել է 2017 թվականին՝ Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև համագործակցության արդյունքում։ Դա եզակի նախաձեռնություն է, որն ուղղված է հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրների լուծմանը: Այն ունի միջազգային կազմակերպության և, միաժամանակ, մասնավոր հիմնադրամի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 20 - ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հաղորդել էր, որ կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ ՝ օգնելու տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության վերականգնմանը: Իսկ արդեն նույն տարվա դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն նշել էր, որ կազմակերպությունն "առայժմ սպասում է միայն Ադրբեջանի պատասխանին, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա շարունակել աշխատանքը տեղերում առաքելության ուղղությամբ": Իր հերթին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը 2020 թվականի դեկտեմբերի 22-ին տարածված կոմյունիկեում կոչ էր արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին չքաղաքականացնել Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության հարցը եւ հայտարարել էր, որ Բաքուն "բաց է կառուցողական երկխոսության ՝ առաքելության կազմակերպման մանրամասները քննարկելու համար":
Ռուսաստանի ԱԳՆ-ում էլ բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ: Սակայն հարցը միտումնավոր ձգձգվում է ադրբեջանական կողմից, և այդ ֆոնին Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, կատարվում են վանդալիզմի ակտեր, քանդվում են հայկական պատմամշակութային հուշարձանները, կեղծվում է հուշարձանների ինքնությունը ։