Արմինֆո.Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների կարգավորման, առավել եւս, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում տեսանելի ապագայում արագ լուծումներ ակնկալելու հարկ չկա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Վալդայ" միջազգային բանավիճային ակումբի գիտական աշխատանքների գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։
"Կարծում եմ, որ հենց կարգավորման գործընթացի ձգձգման վրա են կառուցվում Մոսկվայի հաշվարկները, որոնց համաձայն ձևավորվում է ռուսական դիրքորոշումը հակամարտության կարգավորման Բրյուսելի կողմից վերահսկվող ներկա փուլի վերաբերյալ։ Մոսկվայի համար ակնհայտ է, որ ընթացիկ գործընթացում ԵՄ գլխավոր նպատակը նրա ողջ ընդգրկումն է, ինչի համար Բրյուսելը Երեւանին եւ Բաքվին համապատասխան խոստումներ է տալիս", - ընդգծել է նա:
Մայիսի 22 - ին Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով թվով երրորդ հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանն ուղղված հետագա աշխատանքների, սահմանազատման և սահմանի անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ընթացիկ տարվա հուլիս - օգոստոս ամիսներին հերթական հանդիպման վերաբերյալ:
Նշելով Մոսկվայի ակնհայտ պասիվությունը ղարաբաղյան աշխարհաքաղաքական ուղու վրա ՝ վերլուծաբանը դա պայմանավորել է աշխարհաքաղաքական օբյեկտիվ հանգամանքներով ։ Այնուամենայնիվ, խաչ քաշել ՌԴ միջնորդական դերի վրա, ըստ նրա կանխատեսումների, ակնհայտորեն վաղաժամ է: Իսկ, հաշվի առնելով ղարաբաղյան թունելի վերջում լույսի բացակայությունը, Մոսկվան բոլոր հնարավորություններն ունի, գործնականում, ցանկացած պահի վերականգնելու իր դերը գործընթացում։
"Այսպես թե այնպես, գլխավոր բանակցություններն այժմ ընթանում են Բրյուսելում, այլ ոչ թե Մոսկվայում։ Ինչը բոլորովին չի մեծացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հիմնական խնդրահարույց հարցի ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման հնարավորությունները։ Բրյուսելում, իհարկե, կարող են հայտարարություններ արվել՝ ի պաշտպանություն Երեւանի կամ Բաքվի դիրքորոշումների, բայց Ղարաբաղի հողի վրա անվտանգությունը, նախկինի պես, ապահովում են մեր խաղաղապահները։ Որոնցից, նախկինի պես, այսպես ասենք, քիչ բան չի կախված։ Այժմ, հիմնականում, որոշվում է տարածաշրջանի գլխավոր միջնորդի կարգավիճակը, որի հեռանկարը կախված է աշխարհաքաղաքական ազդակների դինամիկայից՝ Հարավային Կովկասի սահմաններից շատ հեռու", - ամփոփել է Լուկյանովը ։