Արմինֆո.Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները, որը կազմակերպվել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և տեղի է ունեցել մայիսի 22-ին Բրյուսելում:
Ինչպես նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, այդ հանդիպումը երկու կողմերին հնարավորություն է տվել պայմանավորվել սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի նիստի շուտափույթ անցկացման մասին:
"Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Եվրոպական միության հովանու ներքո սկսված երկխոսությանը եւ շարունակելու է իր ներդրումն ունենալ այդ երկխոսության մեջ իր ազգային որակով, ինչպես նաեւ՝ որպես ԵՄ խորհրդի նախագահ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ", - ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
Մայիսի 22-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մամուլի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Նրանք համաձայնություն են ձեռք բերել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր շրջանների միջև տարանցման ուղիների, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ։ Ուշագրավ է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, հողի տուրքերի, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ՝ միջազգային տրանսպորտի համատեքստում: Փոխվարչապետներն առաջիկա օրերին կզարգացնեն այս ուղղություններով աշխատանքները»։
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքն ամփոփող Շառլ Միշելի հայտարարության մեջ ոչ մի խոսք չի ասվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ ապագայի մասին: Ավելին, Եվրախորհրդի ղեկավարն իր հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղ համընդհանուր ճանաչում գտած տերմինի փոխարեն օգտագործել է ադրբեջանական "Ղարաբաղ" տերմինը եւ "Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը" վերաբերող ձեւակերպումը։ Բացի այդ, նրա հայտարարության մեջ չեն հիշատակվում ոչ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, ոչ կարգավորման ընդունված այլ սկզբունքները: