Արմինֆո.Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում: Այդ մասին ասվում է նախօրեին Արցախի խորհրդարանի 4 խմբակցությունների ընդունած հայտարարությունում:
«Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքները ներկայացնող Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու և 30-ամյա բանակցային գործընթացում կուտակած ժառանգությունը խեղաթյուրելու տեսանկյունից: Առաջին անգամ բանակցային խոսույթում փորձ է արվում հրաժարվել «Լեռնային Ղարաբաղ» քաղաքական և աշխարհագրական հասկացությունից, և շրջանառության մեջ է դրվում «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» բառակապակցությունը: Այս ամենը լիովին համահունչ է Բրյուսելի հանդիպումից առաջ և, ընդհանրապես, վերջին շրջանում Ադրբեջանի վարչախմբի կողմից տարածվող թեզերին ու վկայում է Հայաստանի գործող իշխանությունների արտաքին քաղաքական ուղեգծի նահանջի մասին:
Եվրոպական խորհրդի դերակատարությունը արագացված տեմպերով Հայաստանի ու Ադրբեջանի միջև «խաղաղության դարաշրջան» բացելու գործում կարելի էր հասկանալ, եթե նույնպիսի հետևողականությամբ արձագանքվեր 2020թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Անվտանգության ու իրավունքների պաշտպանության մասին շեշտադրումը 44–օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ չափով ընկալելի կարող էր լինել իր ինքնիշխանությունը պաշտպանող Արցախի ժողովրդի համար:
Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Ե´վ Արցախում, և´ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որևէ պաշտոնյա, որևէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը:
Մենք գտնվում ենք պատմական որոշումներ կայացնելու հրամայականի առջև, և ոչ ոք չի կարող խուսափել սերունդների առաջ պատասխանատվություն կրելուց», - ասվում է հայտարարությունում, որն ստորագրել են «Ազատ Հայրենիք –ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:
Նշենք, որ մայիսի 22-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մամուլի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Նրանք համաձայնություն են ձեռք բերել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր շրջանների միջև տարանցման ուղիների, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ։ Ուշագրավ է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, հողի տուրքերի, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ՝ միջազգային տրանսպորտի համատեքստում: Փոխվարչապետներն առաջիկա օրերին կզարգացնեն այս ուղղություններով աշխատանքները»։
Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքն ամփոփող Շառլ Միշելի հայտարարության մեջ ոչ մի խոսք չի ասվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ ապագայի մասին: Ավելին, Եվրախորհրդի ղեկավարն իր հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղ համընդհանուր ճանաչում գտած տերմինի փոխարեն օգտագործել է ադրբեջանական "Ղարաբաղ" տերմինը եւ "Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը" վերաբերող ձեւակերպումը։ Բացի այդ, նրա հայտարարության մեջ չեն հիշատակվում ոչ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, ոչ կարգավորման ընդունված այլ սկզբունքները: