Արմինֆո. Բրյուսելում հանդիպման գլխավոր արդյունքը հենց հանդիպումն էր։ Եվ խնդիրը բոլորովին դրա անցկացման վայրը չէ, այլ հայ-ադրբեջանական հակասությունների բարդությունն է։ Այնուամենայնիվ, չնայած բեկման որեւէ սպասումների բացակայությանը, հերթական Բրյուսելը ցույց տվեց, որ կարգավորման գործընթացն, այնուամենայնիվ, ընթանում է: ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Մայիսի 22-ին Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիեւ ձեւաչափով թվով երրորդ հանդիպման արդյունքնում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանն ուղղված հետագա աշխատանքների վերաբերյալ, սահմանի սահմանազատման և անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ընթացիկ տարվա հուլիս - օգոստոս ամիսներին հերթական հանդիպման վերաբերյալ:
"Մինսկի գործընթացի փաստացի սառեցման ֆոնին Երևանն ու Բաքուն փորձում են Բրյուսելը օգտագործել որպես բանակցությունների նոր հարթակ։ Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզն, իրենց հերթին, այնքան էլ չեն ձգտում վերջնականապես ոչնչացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։ Ձեւաչափը չի
աշխատում, առաջին հերթին, այն պատճառով, որ դրա շրջանակներում չի ցանկանում խոսել Բաքուն։ Մեծ բարդություններով է ընթանում նաև բանակցությունների ռուսական ձևաչափը։ Այստեղից՝ Բրյուսելի անհրաժեշտություն է առաջանում։ Ընդ որում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին 30 տարիների ընթացքում անլուծելի խնդիրների ողջ համալիրի լուծումը ԵՄ հարթակում ինձ համար բավական դժվար է պատկերացնել՝ տեսանելի հեռանկարում ", - նշել է նա։
Այս ողջ գործընթացից Ալիևը, քաղաքագետի գնահտամամբ, փորձում է կորզել մի թուղթ, որը նա Բաքվում կարող է ներկայացնել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախի տարածքի հետ միասին։ Ինչը, միանգամայն հասկանալի պատճառներով, Երևանի կողմից նման թղթի ստորագրման ճանապարհին բազմաթիվ լրացուցիչ խնդիրներ է դնում՝ ի լրումն առկա բոլոր խնդիրների։ Իսկ Բաքվի կողմից արցախահայության կարգավիճակն ու իրավունքները Ադրբեջանի տարբեր էթնիկ պատկանելության քաղաքացիների իրավունքների հարթությունից զատ այլ տեսանկյունից դիտարկելուց հրաժարվելը միայն խորացնում է խնդիրը։ Ըստ Իսկանդարյանի, իրականում, արցախահայերն Ադրբեջանին բացարձակապես պետք չեն, նրան պետք է միայն Արցախը՝ որպես տարածք։ Մինչդեռ, Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումներն, առաջին հերթին, ուղղված են արցախցիների իրավունքների պաշտպանությանը։
"Այսպիսով, դիրքորոշումների տարբերություններն առաջվա նման ակնհայտ են։ Եվ ես չեմ կարծում, որ դրանք կհաջողվի մերձեցնել Բրյուսելում կամ ինչ-որ տեղ, կամ՝ թեկուզ միջնաժամկետ հեռանկարում կոնսենսուսային լուծման հասնելու միջոցով։ Եվս մեկ բարդ խնդիր է սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը Հարավային Կովկասում, որտեղ նման սահմաններ, ընդհանրապես, չկան։ Այլ կան միայն նախկին ԽՍՀՄ սահմաններ։ Եվ, եթե երկրների միջև նորմալ հարաբերությունների դեպքում այդ գործընթացը տասնամյակներ է տևում, ապա, առնվազն, դժվար է կանխատեսել, թե դրա համար որքան ժամանակ կպահանջվի Հայաստանից ու Ադրբեջանից։ Այնպես որ, հեշտ եւ արագ լուծումներ չեն լինի նաեւ այստեղ: Բայց դա բնավ չի նշանակում, որ անհրաժեշտություն չկա, գոնե, սկսել այդ թեմայով խոսել", - ամփոփել է Իսկանդարյանը։