Արմինֆո. Ադրբեջանական կրակոցները երեկ ու դրանից մի քանի օր առաջ Գեղարքունիքում եղել են առավելապես այն դիրքերից, որոնք 1 տարուց ավելի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Այդ մասին հաղորդել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է: Մայիսի 21-ի` երեկվա ՀՀ պաշտոնապես հաստատած կրակոցները, որոնցից ՀՀ զինծառայող էր վիրավորում ստացել, եղել են Նորաբակ գյուղի հարևանությամբ:
Դրանից մի քանի օր առաջ էլ կրակ են բացել Վերին Շորժայի հարևանությամբ, այդ թվում` գյուղի սարատեղիի ուղղությամբ: Սարատեղիում բացառապես քաղաքացիական բնակիչներ են:
Քանի որ ՀՀ ներխուժած ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, բնակիչներին պատկանող արոտավայրերում, խոտհարքներում, վարելահողերում, այդ նաև ագրեսիվ կրակոցներն իրական վտանգ են մարդկանց կյանքի ու առողջության համար, խաթարել են նրանց բնականոն կյանքը:
ՀՀ զինծառայողները անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են երկրի ու մարդկանց անվտանգությունն ադրբեջանական զինծառայողների հանցագործություններից:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն են պատասխանատուն այս դիտավորյալ հանցավոր ոտնձգությունների` Գեղարքունիքում մայիսի 21-ին ՀՀ զինծառայողի առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության բնականոն կյանքն ու անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ շարունակվող ագրեսիայի համար», - գրել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերն ապօրինաբար մուտք են գործել ՀՀ տարածք Սյունիքի և Գեղարքունիքի ուղղությամբ, շարժվել են, համապատասխանաբար, 3,5 կմ և 2 կմ խորությամբ, տեղակայել են իրենց ստորաբաժանումները և հրաժարվում են լքել տարածքը: Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ՝ այդ հարցի լուծմանն աջակցելու համար, սակայն հարցը մինչ օրս մնում է չլուծված։