Արմինֆո.Ադրբեջանը բռնազավթել է Արցախի Հանրապետության 215 բնակավայր, ինչի արդյունքում 40 հազար քաղաքացիներ հարկադրված տեղափոխվել են, հետևաբար, խախտվել են նրանց սեփականության, բնակության վայրի ընտրության, աշխատանքի, կրթության, առողջապահության և այլ իրավունքները ։ Այս մասին մայիսի 19-ին Արցախի Ազգային ժողովի նիստում հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Իրավապաշտպանը փաստել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 118 համայնք, ևս երկու համայնք՝ մասնակի:
"Նաեւ 2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ են վերցրել Փառուխ գյուղը եւ Ասկերանի շրջանում հարակից դիրքերը, որից հետո փորձել են առաջ շարժվել Արցախի արեւելյան ուղղությամբ", - հավելել է օմբուդսմենը:
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց թվաքանակի մասին պատմելու խնդրանքին ի պատասխան՝ Ստեփանյանն արձանագրել է, որ այս պահին Ադրբեջանը հաստատում է, որ գերության մեջ է գտնվում 38 զինվորական եւ քաղաքացիական անձ: Սակայն, ըստ Գեղամ Ստեփանյանի, Արցախի եւ Հայաստանի օմբուդսմենները, ինչպես նաեւ իրավապաշտպան կազմակերպությունները կոնկրետ ապացույցներ ունեն եւս 80 մարդու գերության մեջ գտնվելու վերաբերյալ: Ընդ որում, նա ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս Ադրբեջանը չի հաստատում այդ տվյալները: "Դա մեզ հիմք է տալիս պնդելու, որ Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է գերիների իրական թիվը", - ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանը, հավելելով, որ 38 գերիներից 35-ը զինվորականներ են, 3-ը ՝ քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, եւս 19-ը համարվում են անհետ կորած, նրանց թվում Արցախի քաղաքացիներ չկան: "Նրանց թվում կան մարդիկ, որոնց գերության մեջ գտնվելը հաստատվում է փաստերով", - հայտնել է Գեղամ Ստեփանյանը, հավելելով, որ Ադրբեջանում պահվող բոլոր 38 ռազմագերիները երկար ժամանակով դատապարտվել են կեղծ մեղադրանքներով: Նրա խոսքով ՝ այդ կապակցությամբ հայկական կողմը փաստաթուղթ է պատրաստել եւ տարածել ՄԱԿ-ում։