Արմինֆո. Միացյալ Նահանգները համոզված է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը:
Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում:
«Անշուշտ, Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված: Մենք շարունակում ենք կարծել, որ տեւական լարվածության հիմքում գտնվող եւ 2020 թ. ռազմական գործողություններին հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով ու համապարփակ լուծմամբ՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման եւ ուժի չկիրառման միջազգայնորեն ճանաչված սկզբունքները: Մենք խրախուսում ենք շարունակել խաղաղության բանակցությունները եւ պատրաստ ենք ներգրավվել երկկողմ ձեւաչափով եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, - ասել է դեսպանը, ընդգծելով, որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:
Լին Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար եւ բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: «Սա նաեւ ներառում է ուղիղ կապի գործող մեխանիզմների օգտագործումը՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրներին եւ նորմալացնելու հարաբերությունները՝ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի այս ջանքերին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակում՝ տեւական եւ համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով», - նշել է ԱՄՆ դեսպանը:
Նա նաեւ նշել է, որ մտահոգության տեղիք են տալիս այնպիսի գործողությունները, ինչպիսիք են վերջին շրջանում գրանցված գազամատակարարման խաթարումները եւ ադրբեջանական զորքերի տեղաշարժերը շփման գծի հատվածում: «Ապրիլի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումից խուսափելու կարեւորությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ հաղորդակցության միջոցներ կիրառեն», - համոզմունք է հայտնել դիվանագետը:
«Ինչպես ավելի վաղ ասացի՝ մենք շարունակում ենք կարծել, որ տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի համար առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չկարգավորված հարցերի բանակցային, համապարփակ եւ կայուն կարգավորումը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում», - նշել է նա՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգները Արցախի բնիկ բնակիչների կենսականորեն կարևոր և հիմնական իրավունքները պաշտպանելու համար:
ԱՄՆ դեսպանը նաեւ կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պաահվող բոլոր բանտարկյալներին եւ, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն: