Արմինֆո.Միացյալ Նահանգները սատարում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությանը, որը կարող է հանգեցնել այս երկու հարեւան պետությունների հարաբերությունների կարգավորմանը՝ մի արդյունք, որը կարեւոր է այս երկու երկրների ապագայի եւ Կովկասում կայունության համար:
Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում:
«Միացյալ Նահանգների դիրքորոշումը վաղուց ի վեր եղել եւ մնում է այն, որ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ առանց այլ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ կապելու», - նշել է դիվանագետը:
Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե պետք է արդյոք ակնկալել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագահ Բայդենի պատմական հայտարարությունը կխթանի ավելի քան մեկուկես միլիոն հայերի զանգվածային կոտորածների ճանաչումն ու դատապարտումը ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, դեսպանն ասել է. «Նախագահը հանձնառու է խթանել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ողջ աշխարհում եւ թույլ չտալ, որ երբեւէ կրկնվեն այսօրինակ վայրագությունները: Այստեղ էական նշանակություն ունի պատմական փաստերի ընդունումը: Ինչպես նշված էր նախագահի ուղերձում՝ մենք հիշատակի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին: Միացյալ Նահանգները հարգանք է տածում այս ողբերգության հետեւանքով աշխարհի տարբեր երկրներում հանգրվանած հայերի տոկունության ու վճռականության հանդեպ: Ինչպես նշված է ապրիլքսանչորսյան ուղերձում՝ Միացյալ Նահանգներն իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ չի փնտրում մեղավորներ: Մենք խրախուսում եւ ողջունում ենք պատմության ցավալի էջերը ճանաչելուն եւ դրանց հետ հաշվի նստելուն ուղղված ջանքերը, ինչը կարեւորագույն քայլ է առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի հիմքերը կառուցելու ճանապարհին»: