Արմինֆո.ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններն այն մասին, թե, իբր, Հայաստանը ՀԱՊԿ-ին է դիմել ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար, սուտ են։
Այդ մասին մայիսի 19-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հաղորդումներին, թե մայիսի 16-ին Մոսկվայում ՀՀ վարչապետը փորձել է ստանալ ՀԱՊԿ ղեկավարների աջակցությունը՝ Ղազախստանի օրինակով երկրի ներքաղաքական իրավիճակը կարգավորելու համար։
Գրիգորյանի հավաստմամբ, վերջին շրջանում ՀՀ կառավարության ղեկավարի մասին ստահոդ տեղեկատվության տարածումն ուժեղացել է նաև միջազգային մակարդակով։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հարցերում ապավինում է բացառապես ժողովրդի կամքին։
Հիշեցնելով, որ մեկ ամսից ավելի Հայաստանում տեղի են ունենում ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք վերահսկվում են ՀՀ ոստիկանության կողմից, ԱԽ քարտուղարը կարծիք է հայտնել, որ ընդդիմադիր շարժումը հասարակական աջակցություն չի ստացել:
Գրիգորյանն ընդգծել է, որ ներքաղաքական իրավիճակի լուծումը կառավարությունը տեսնում է բացառապես ինստիտուցիոնալ հնարավորությունների շրջանակներում: