Արմինֆո.Հայաստանում և ողջ աշխարհում մայիսի 18-ին նշում են Թանգարանների միջազգային օրը: Այս տարի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները տեղի բնակիչների և զբոսաշրջիկների համար հասանելի կլինեն մայիսի 18-ին և 21-ին՝ Հայաստանի և Արցախի 125 թանգարաններում:
Մասնավորապես, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի և Արցախի թանգարանները Թանգարանների միջազգային օրվա առթիվ պատրաստել են 122 ժամանակավոր և մշտական ցուցադրություններ, 30 կրթական ծրագիր, 40 համերգային և 124 մշակութային միջոցառումներ:
Նշվել է, որ մայիսի 18-ին բոլոր ցանկացողները կարող են անվճար այցելել թանգարաններ աշխատանքային ժամերին, իսկ մայիսի 21-ին "Թանգարանների գիշեր" համաեվրոպական նախաձեռնության շրջանակում ՝ ժամը 11:00-ից մինչև 00:00-ն:
Ամփոփելով նախորդ տարվա արդյունքները՝ Քոչարյանը նշել է, որ ողջ 2021 թվականի ընթացքում Հայաստանի թանգարաններ է այցելել շուրջ 1 մլն մարդ, 210 հազար աշակերտ, թանգարանների ֆոնդերը համալրվել են 10 հազար ցուցանմուշներով, պատրաստվել է ավելի քան 2 հազար գիտակրթական ծրագիր:
Ընդ որում, նա ընդգծել է, որ այս ոլորտում առկա խնդիրները բազմաթիվ են։ Որպես առաջնահերթություն նա նշել է թանգարանների տոմսերի առցանց վաճառքի միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությունը, հիմնանորոգման աշխատանքների իրականացումը, կադրային հարցերը և այլն:
Այդ առնչությամբ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը նշել է, որ այժմ երկրում ստեղծվում է հետաքրքիր դաշտ մասնագիտական համագործակցության համար' Ուկրաինայի և Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան տեղափոխվելու առնչությամբ: Մասնավորապես, նա ընդգծել է, որ ժամանողների թվում կան մեծ թվով ճյուղային մասնագետներ, որոնք արդեն աստիճանաբար սկսում են համագործակցել տեղի թանգարանների հետ:
Նշենք, որ Թանգարանների միջազգային օր հիմնելու որոշումը կայացվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums - ԻԿՕՄ) 11-րդ գլխավոր կոնֆերանսում: Թանգարանների գիշերը Թանգարանների միջազգային օրվան նվիրված ակցիա է, որի ընթացքում կարելի է դիտել թանգարանային ցուցադրությունները՝ գիշերը: Այդ գիշեր շատ թանգարաններ բաց են այցելուների մայրամուտից հետո՝ գրեթե մինչեւ առավոտ: Առաջին անգամ "Թանգարանների գիշեր" - ը անցկացվել է 1997 թվականին Բեռլինում։ Հայաստանը նախաձեռնությանը միացել է մոտ 20 տարի առաջ։